Երեք մտահոգիչ իրադարձություն Վրաստանում՝ ըստ Թոմ դե Վաալի

Թոմաս դե ՎաալըԿովկասյան Jam-news.net կայքում հրապարակվել է Քարնեգի հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հոդվածը, որը վերնագրված է «Փակ և բաց Վրաստանը»: Հոդվածում Դե Վաալը երեք մտահոգիչ իրադարձությունների մասին է, որոնցից մեկը իշխող «Վրացական երազանք»-ի կողմից սահմանադրական փոփոխությունների մտադրությունն է։

Չնայած Վրաստանը շարունակում է ավտորիտար հարևանների շրջապատում հաջողության պատմություն մնալ, վերջին ժամանակների երեք միտումները հիշեցնում են, որ այս պատմության մեջ ինչ-որ բան դարձունակ բնույթ է կրում:

Վրաստանը երբեք դեռ այսքան բաց չի եղել աշխարհի համար: 2017թ․ առաջին կեսին այդ երկիր այցելած մարդկանց թիվը շնորհիվ Եվրոպայի հետ ուղիղ ավիահաղորդակցման աճել է 29%-ով՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, և հասել 1,2 միլիոնի: Զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին այդ թիվը կաճի:

Միաժամանակ Վրաստանի 55 հազար քաղաքացի օգտվել է առանց վիզայի ռեժիմից, որը տրամադրվել է մարտին:

Սակայն, ցավոք, սրան զուգահեռ Վրաստանի քաղաքական համակարգը դառնում է ավելի փակ և ոչ թափանցիկ, ինչպիսին չէր արդեն երկար տարիներ: Խնդրի հիմքն անբնական մեծամասնությունն է, որը ստացել է «Վրացական երազանք» կուսակցությունը 2016թ․ խորհրդարանական ընտրություններին: Սեփական նախընտրական ճիգերի և ընդդիմության անարդյունավետության շնորհիվ 150-ից այն ստացել է 115 տեղ, այսինքն՝ երկիրը միանձնյա ղեկավարելու մանդատ:

1991թ․ անկախություն ձեռք բերելուց ի վեր արդեն երրորդ անգամ է Վրաստանը դե ֆակտո միակուսակցական երկիր դառնում: Էդուարդ Շևարդնաձեի՝ այն ժամանակ իշխող կուսակցությունն այդպիսի մեծամասնություն ուներ 1999թ․, իսկ Միխեիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժումը»՝ 2004-2012թթ․:

Ինչպես և իր նախորդները՝ «Վրացական երազանքն» լայն կոալիցիա է: Այն ձևավորվել է 2012թ․ որպես Սաակաշվիլիի ընդդիմություն: Դրա մի թևն ավելի հանրային է, աշխարհին տեսանելի, հստակ եվրոպամետ: Այն ներկայացված է կառավարությունում, դրա մարմնավորումը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին է: Հենց նրանք են հասել առանց վիզայի ռեժիմի և այժմ աշխատում են եվրաինտեգրացիայի հաջորդ փուլի՝ Վրաստանի և ԵՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի պայմանագրի վրա:

Կարդացեք նաև՝ Բարեփոխումների մոդել Վրաստանը պայքարում է, որ մաքուր մնա․ The Economist-ի անդրադարձը

Մյուս թևն ավելի պահպանողական է, պոպուլիստական և մոտ է Վրացական ուղղափառ եկեղեցու օրթոդոքս գործիչներին: Այդ թևի որոշ ակնառու գործիչներ կուլիսների ետևում են՝ չմտնելով ո՛չ կառավարության, ո՛չ խորհրդարանի կազմ:

Վրաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած մի քանի իրադարձություններն անհանգստություն են առաջացնում:

Առաջին հերթին, իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխություններ է առաջարկել: Դրանց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունը լրացուցիչ տեղեր կստանա, իսկ նախագահը կընտրվի ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանի կողմից: Անհնար կդառնա նաև կոալիցիաներ կազմելը, սակայն «Վրացական երազանքը» հենց այդ ճանապարհով է իշխանության եկել:

Այդ փոփոխություններն անալոգներ ունեն ԵՄ երկրներում և առարկություններ չեն առաջացնում: Սակայն դատական բարեփոխման գործում առաջընթացի բացակայության և այլ գործոնների համադրությամբ դրանք ավելի շուտ նման են «Վրացական երազանքի»՝ տարիներով իշխանության մնալն ամրապնդելու փորձերի: Թբիլիսյան մի դիվանագետի խոսքով՝ անհանգստություն են առաջացնում ոչ թե հենց փոփոխությունները, այլ զուգակցող քաղաքական գործընթացը, որը նա «վախեցնող» է անվանում: Նա նկատի ունի «հաղթողը ստանում է ամեն ինչ» հոգեբանությունը, ինչը հատուկ է «Վրացական երազանքին», որը չքննարկեց այդ փոփոխությունները դրանց կտրականապես դեմ հանդես եկող ո՛չ ընդդիմության, ո՛չ քաղաքացիական հասարակության հետ:

Երկրորդ մտահոգիչ գործոնն այլատյացության աճն է: Այդ երևույթը հետխորհդային Վրաստանի համար նոր չէ, սակայն հակասականորեն նոր խթան է ստացել երկրի միջազգային բացության շնորհիվ: Այդ տրամադրություններն արտահայտվել են հուլիսի 14-ին այսպես կոչված Վրացական երթի ժամանակ, որի ընթացքում թշնամական ելույթներ էին լսվում ընդհանուր առմամբ արտասահմանցիների վերաբերյալ, հատկապես՝ Իրանի և Թուրքիայի քաղաքացիների:

Հենց այլատյացությունն է թաքնված արտասահմանցիների կողմից գյուղատնտեսական նշանակության հողեր գնելու արգելքը սահմանդրորեն ամրագրելու առաջարկի ետևում: Կվրիկաշվիլին կողմ է արտահայտվել այդ առաջարկին` հարուցելով բիզնես հանրության ցասումը, ով համարում է, որ դա կսպանի արտասահմանյան ներդրումները: Այստեղ, ինչպես միշտ, «սատանան թաքնված է մանրուքներում»: Շատ երկրներում է նման արգելք գործում, սակայն ոչ բոլորի մտքով է անցել դա սահմանադրորեն ամրագրել:

Երրորդ մտահոգիչ իրադարձությունը Թբիլիսիում ապաստան գտած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի արտադատական ձերբակալությունն է: Մայիսի 29-ին նրան առևանգել են փողոցում և Ադրբեջան տարել և կալանքի տակ են պահում: Դա տեղի է ունեցել Վրաստանի իրավապահների թույլտվությամբ և աջակցությամբ՝ հաճոյանալու հարուստ և ազդեցիկ հարևանին: Մեկ այլ դիվանագետ Թբիլիսիից այդ երևույթը, որն ամենաշատ անհանգստությունն առաջացրել է Արևմուտքում Վրաստանի ընկերների մոտ, նկարագրել է որպես «հատուկ ծառայությունների հանդեպ քաղաքական վերահսկողության բացակայություն»:

Շատերն են վախենում, որ այդ միջադեպը հանրության հանդեպ պետության գերակայման միտման արտահայտում է կամ, ինչպես այն Թուրքիայում են նկարագրում, ստվերային ուժային հատվածի գոյություն: Անուններ էլ են նշվում՝ գործարար Ուչա Մամացաշվիլի, որը «Վրացական երազանքի» հիմնադիր և Վրաստանի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի զարմիկն է, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձե: Քանի որ նրանք երկուսն էլ ոչ հանրային դեմքեր են, նրանց ազդեցության աստիճանը դժվար է գնահատել:

Հստակ կարելի է ասել, որ վերջին մի քանի տարում վրացական կառավարության վրա ԱՄՆ և ԵՄ ազդեցությունը թուլացել է: Առանց վիզայի ռեժիմը ԵՄ կողմից վերջին խոշոր զիջումն էր, իսկ ԱՄՆ-ը Թրամփի նախագահության դեպքում ավելի քիչ է մտահոգված ժողովրդավարության աջակցությամբ, քան նրա նախորդների դեպքում: Փոխնախագահ Փենսի այցը Վրաստան նախևառաջ նվիրված է ռազմական համագործակցության ու անվտանգության հարցերին:

Ժամանակակից Վրաստանը նախկինի պես ավտորիտար հարևանների շրջապատում բացության օրինակ է: Սակայն ներկայիս միտումները ցույց են տալիս, որ այս պատմության մեջ շատ բան է դարձելիության ենթարկվում:

Մեկնաբանել