Պուտինն Աբխազիայում․ ի՞նչ օրակարգով էր նա ժամանել Սուխումի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2008 թ. Վրաստանի հետ պատերազմի տարելիցին` օգոստոսի 8-ին, այցելել է Աբխազիա և խոստացել աջակցել նրա «կայունությանն ու անկախությանը»։ EurasiaNet.org կայքում թեմային անդրադարձել է Ջոշուա Կուչերան։

Օգոստոսի 8-ը նաև նշանավորում է ռուս-վրացական պատերազմի իններորդ տարեդարձը մեկ այլ անջատված հանրապետության՝ Հարավային Օսիայի շուրջ: Հնգօրյա այդ պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախ պետությունները: Միայն մի քանի երկրներ հետևեցին նրա օրինակին, իսկ աշխարհի երկրների մեծամասնությունը շարունակում է այդ երկու օբյեկտները Վրաստանի մաս համարել:

«Հարավային Օսիայում և Աբխազիայում օգոստոսի 8-ը սգո օր է»,- հայտարարեց Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբան Պուտինի հետ հանդիպմանը: «Այս օրը սկսվեց վրացական բանակի լայնածավալ գործողությունը և Ռուսաստանի ձեռնարկած վճռական գործողությունները, որոնք հնարավորություն տվեցին պահպանել Հարավային Օսիան և, իհարկե, հետագայում ճանաչել մեր պետությունները, որի համար մենք երախտապարտ ենք»:

Պուտինը հավելեց. «Մենք հավատարմորեն երաշխավորում ենք Աբխազիայի կայունությունն ու անկախությունը, և ես վստահ եմ, որ դա կշարունակվի»:

Պուտինի այցը տեղի ունեցավ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի՝ Վրաստան այցից ընդամենը մեկ շաբաթ անց. վերջինս ներկա էր ԱՄՆ-Վրաստան համատեղ զորավարժություններին և բարձրաձայն հայտարարեց Թբիլիսիին իր աջակցությունը Աբխազիայի շուրջ պայքարում։

Պուտինի այցը, ըստ երևույթին, ծրագրված էր մինչև Փենսի այցը Թբիլիսի, սակայն, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքով, «եթե այս այցը ինչ-որ հիմքեր է տալիս Ռուսաստանի արձագանքի մասին խոսելու համար, Պուտինը ուրախ է իրեն տեսնել ԱՄՆ-ի խոչընդոտի դերում»:

Թեև թվում է, որ պատեհ կլիներ այդ հայտարարությունն անել ոչ թե Աբխազայում, այլ Հարավային Օսիայում, սակայն Պուտինի երկրորդական օրակարգը Սուխումիի հետ հարաբերություններ հաստատելն է: «Այցը Հարավային Օսիա ավելի լավ կդիտվեր, բայց Ռուսաստանում այն համարվում է ավելի քիչ խնդրահարույց հանրապետություն,- ասել է Մարկեդոնովը:- Ռուսաստանը շատ մտահոգված է Աբխազիայում առկա պոտենցիալ մարտահրավերների և անկայունության պատճառով»:

Վրաստանի կառավարությունը, որը 2008թ. պատերազմում զոհված վրացիների հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել, դատապարտեց Պուտինի այցը:

«Ռուսաստան-Վրաստան պատերազմի 9-րդ տարելիցին նման ցինիկ գործողությունը ծառայում է որպես ինքնիշխան պետության սահմանների ուժային փոփոխության լեգիտիմացում՝ ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների և օկուպացիայի միջոցով: Այս քայլով Կրեմլը ապարդյուն փորձում է օժանդակել և օրինականացնել իր օկուպացիոն ռեժիմները»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Պուտինն այս օրերին Աբխազիա ժամանող համեմատաբար քիչ ռուսաստանցիներից մեկն է: Օգոստոսի 2-ին Պրիմորսկոյե գյուղում զինամթերքի պահեստում պայթյունի արդյունքում վիրավորվել էր 64 մարդ և սպանվել Սանկտ-Պետերբուրգից երկու զբոսաշրջիկ: Լուրը վախեցրեց ռուսաստանցիներին, որոնք նախապատրաստվում էին իրենց արձակուրդն անցկացնել Աբխազիայում, ինչը հանգեցրեց «այցելությունների զանգվածային չեղարկման»: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Աբխազիայի զբոսաշրջային միության ղեկավար Աննա Կալյագինան:

Երեք շաբաթ առաջ, նույն գյուղում, տեղացիներից մեկը հարձակվել էր ռուս զբոսաշրջիկների խմբի վրա՝ սպանելով նրանցից մեկին: Եվ նույնիսկ դրանից առաջ զբոսաշրջության թվերը տարվա ընթացքում նվազել են 30 տոկոսով 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ վատ եղանակի և Ռուսաստանի տնտեսական խնդիրների արդյունքում: «Մայիսն ու հունիսն անձրևոտ էին։ Ամեն ինչ սկսում էր կարգավորվել հուլիսին, սակայն տեղի ունեցան այս երկու աղմկահարույց դեպքերը,- ասել է Կալյագինան:- Իհարկե, մարդիկ սարսափած էին, խուճապահար, ցնցված»։

Պուտինը նշել է, որ հանդիպման օրակարգում էր նաև զբոսաշրջիկների անվտանգությունը, և անդրադարձել երկու կողմերի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրին: «Աբխազիայի քաղաքացիները, հյուրերը Ռուսաստանից և այլ երկրներից պետք է հասկանան և զգան, որ իրենք հուսալիորեն պաշտպանված են։ Ես հուսով եմ, որ այս համատեղ աշխատանքը կբարձրացնի Աբխազիա եկող զբոսաշրջիկների անվտանգության մակարդակը»,- ասել է Պուտինը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարում՝ Աբխազիայի նախագահ ՌԱուլ Խաջիմբան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը