Թուրքիայի խորհրդարանին ներկայացվել է օրինագիծ, որը թույլ կտա մուֆթիներին կատարել քաղաքացիական ամուսնություններ։ Օրինագիծը բուռն քննարկման առարկա է դարձել։ Թեմային Al Monitor կայքում անդրադարձել է թուրք լրագրող Մահմութ Բոզարսլանը։
Հուլիսի 25-ին թուրքական խորհրդարան է ներկայացվել օրենքի մի նախագիծ, որով մուֆթիները ստանում են քաղաքացիական ամուսնություններ գրանցելու իրավունք։ Նախագիծը մեծ քննարկումների տեղիք է տվել աշխարհիկության, անչափահասների ամուսնության և մուֆթիներին նոր լիազորություններ տալու կառավարության շարժառիթների շուրջ։ Մուֆթիները սուննի քաղծառայողներ են, որոնք աշխատում են Թուրքիայի կրոնական գործերի վարչության հովանու ներքո և ներկայում իրավունք չունեն կատարել քաղաքացիական ամուսնություններ: Այնուամենայնիվ, նրանք կարող են զույգի կողմից պահանջվող կրոնական ամուսնություն գրանցել, սակայն կրոնական ամուսնությունը չի ճանաչվում թուրքական պետության կողմից և իրավունքներ չի տալիս ամուսիններին:
Ներկայում միայն քաղաքապետարանի պաշտոնյաները, նավապետներն ու մուխթարները (գյուղերի ընտրված ղեկավարները) ունեն քաղաքացիական ամուսնություններ կատարելու իրավասություն: Կրոնական առաջնորդները՝ մուֆթիները, քահանաները կամ րաբիները, չունեն այդ իրավասությունը: Նոր նախագծի համաձայն, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայում կրոնական հավատքի ներկայացուցիչներին, միայն պետական գրանցված մուֆթիներին է թույլատրվում կատարել այդպիսի ամուսնություններ:
Քննադատները պնդում են, որ որոշակի խմբի հոգևորականներին ամուսնության գրանցման իրավունք տալը հակասում է աշխարհիկությանը, և որ այդ պրակտիկան ինքնին կբարձրացնի կրոնական ամուսնությունների և անչափահասների ներգրավվածությամբ ամուսնությունների թիվը։
Նոր օրենքին հակադրվող խմբերի մեծ մասը գալիս է Դիարբեքիրից, որտեղ փաստաբանների և կանանց միությունները երկար ժամանակ պայքարում են երեխաների ամուսնության և երեխաների նկատմամբ չարաշահումների դեմ: Այնուամենայնիվ, չնայած նրանց ջանքերին, անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնությունները, ինցեստն ու անչափահասների պարտադրված ամուսնությունները, այդ թվում՝ որպես երկրորդ և երրորդ կանայք, տարածված են այդ շրջանում։ Թուրքիայի Մարդու Իրավունքների ասոցիացիան Թուրքիայի Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի ներքո փաստաթղթավորել է 2016 թ. անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների 110 դեպք՝ Արևելյան և հարավարևելյան Թուրքիայում և 82 դեպք` 2017 թվականի առաջին վեց ամիսներին:
Թուրքիայի խորհրդարանն ամառային արձակուրդում է, ուստի օրինագծի վերաբերյալ խորհրդարանական բանավեճը դեռ չի սկսվել: Սակայն, հաշվի առնելով այն հակասաությունները, որ այն արդեն ստեղծել է, կարելի է ասել, որ սպասվում է կրակոտ բանավեճ:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի