Ադրբեջանն ամրապնդում է ռազմական ներկայությունը Նախիջևանում

Միացյալ Թագավորության Chatham House-ի գիտաշխատող, ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևը Eurasianet.org-ում հոդված է հրապարակել Նախիջևանում Ադրբեջանի կողմից ռազմական ներկայության ամրապնդման և հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմում Նախիջևանի նշանակության մասին։

Ադրբեջանը Նախիջևանում էականորեն ամրապնդում է ռազմական ներկայությունը, քանի որ տարածքի ռազմավարական նշանակությունը աճում է ինչպես Բաքվի, այնպես էլ Հայաստանի համար:

Նախիջևանը Ադրբեջանի մնացած շրջաններից բաժանված է հարավային Հայաստանի մի հատվածով, և սահմանակից չէ Լեռնային Ղարաբաղին՝ երկու երկրների միջև շարունակվող հակամարտության կենտրոնին: Սակայն դա Ադրբեջանի՝ Երևանին և ռազմավարական այլ թիրախներին ամենամոտ մասն է։ Համապատասխանաբար, ընդհանուր պատերազմի վերսկսման հեռանկարի համատեքստում Նախիջևանը դառնում է պայթյունավտանգ:

Ադրբեջանի համար մեկ այլ ռազմավարական նկատառում է այն, որ Նախիջևանը նախագահ Իլհամ Ալիևի պապական տունն է:

Ադրբեջանը ստեղծել է նոր միավոր՝ հայտնի որպես Համատեղ զորքեր (հատուկ զորքեր), որը գտնվում է Նախիջևանում: Բաքուն նաև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է բերել այստեղ, ինչպես նաև հրթիռներ և ծանր հրետանի, այդ թվում Սմերչ, T-300 Kassirga և T-122 Sakarya բազմակի հրթիռային համակարգեր: Եվ այժմ Ադրբեջանը Թուրքիայի հետ Նախիջևանում համատեղ զորավարժություններ է անցկացնում։

1990-ականների սկզբին՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Նախիջևանում կռիվներ եղան, սակայն վերջերս տարածաշրջանը համեմատաբար հանգիստ է եղել:

Վերջին ժամանակներում դիպուկահարները և հրետանային ռմբակոծությունները կենտրոնացած են Ղարաբաղում հակամարտ ուժերի շփման գոտիներում։ Սակայն 2016 թ. ապրիլին մարտերի բորբոքման ժամանակ Նախիջևան-Հայաստան սահմանում ևս տեղի ունեցավ մի քանի հրաձգություն: Իսկ 2016 թ. օգոստոսին Ադրբեջանը խփեց հետախուզական անօդաչու թռչող սարք և հայտարարեց, որ այն հայկական կողմից էր ուղարկված։

«Թշնամին պետք է գիտակցի, որ եթե Նախիջևանի դեմ որևէ սադրանք լինի, մենք խիստ կարձագանքենք, և մի քանի րոպեում հարձակման կենթարկվեն [Հայաստանի] բոլոր խոշոր քաղաքները»,- ասել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ապրիլյան պատերազմից անմիջապես հետո:

Հայաստանում ուշադիր հետևում են Նախիջևանում վերջին զարգացումներին: «Մենք պետք է հասկանանք, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա, և թշնամին ագրեսիան կարող է նախաձեռնել ցանկացած ուղղությամբ»,- ասել է հայ վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ներկայում Ադրբեջանը Նախիջևանում ունի մոտ 20 հազար զինվոր (ընդհանուր զինված ուժերի 67.000-ից) և մոտ 400 զրահամեքենա, օդանավեր, օդային պաշտպանության համակարգեր և հրետանային համակարգեր։

Թուրքական օգնությունը կարևոր դեր է խաղացել այս գործում: Անկարայի գործողությունները կապված են Նախիջևանի անվտանգության երաշխիքի հետ՝ ըստ Թուրքիայի և Խորհրդային Միության միջև 1921թ․ Կարսի պայմանագրի պայմանների։

Բացի Թուրքիայում անցկացվող ամենամյա զորավարժություններից՝ Ադրբեջանը ձգտում է բարձրացնել Թուրքիայի տեսանելիությունը որպես տարածաշրջանում կարևոր ռազմական դերակատարի, օրինակ, պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Բացի դրանից, գոյություն ունի ջենտլմենական համաձայնություն, երբ թուրք ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները կամ պաշտպանական հարցերով զբաղվող քաղաքացիական անձինք այցելում են Ադրբեջան, նրանք նաև կանգ են առնում Նախիջևանում:

Նախիջևանում Ադրբեջանի ռազմական ներկայության ամրապնդումը վերջին տարիներին նոր խթան է ստացել: Հայաստանի կողմից ռուսական հզոր «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների ձեռքբերումից հետո, որոնք առաջին անգամ Հայաստանին հնարավորություն են տալիս Բաքվին, նավթային ենթակառուցվածքներին և Ադրբեջանի ռազմավարական այլ թիրախներին հարված հասցնել, Բաքուն ավելի է կարևորում Նախիջևանի ռազմական արժեքը՝ որպես հակահարվածի սկզբնակետ։ Նախիջևանի սահմանը Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Սմերչները (90 կմ խոցման շառավղով) և Kassirga-ները (100-ից 120 կմ խոցման շառավղով) հեշտությամբ կարող են հասնել Հայաստանի մայրաքաղաք:

Երկու կողմերը, սակայն, կարծես գիտակցում են, որ միմյանց մայրաքաղաքների վրա հարձակումը կործանարար հակահարվածի կբերի, և այդպիսով, Նախիջևանից հարձակումը միայն ամենավերջին տարբերակն է։

Մասնավորապես, Նախիջևանից Հայաստանի վրա հարձակման արդյունքում Երևանը կարող է պահանջել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դրույթների համաձայն` Ռուսաստանը միջամտի. իրավիճակ, որից Բաքուն ամեն կերպ հուսով է խուսափել:

«Ամենավատ տարբերակում՝ լայնածավալ պատերազմի դեպքում, Նախիջևանի և Հայաստանի ռազմավարական վայրերի և ենթակառուցվածքների միջև կարճ հեռավորությունը, այնուամենայնիվ, դժվար է դարձնում Հայաստանի համար հայտնաբերել, հետևել և ոչնչացնել Նախիջևանից արձակված հրթիռները»,- ասում է վերլուծաբան Ֆուադ Չիրագովը՝ Ադրբեջանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնից:

Սակայն նա ավելացնում է. «Հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը դժվար թե առաջին քայլն անի Նախիջևանում իր ռազմական հզորությունը որպես հարձակողական գործիք օգտագործելու առումով»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել