«Խոսրովի անտառ» արգելոցում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին հրդեհ էր բռնկվել: