«ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն սկսել է թռիչքների իրականացումը

Օգոստոսի 15-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը:

Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ռուսական «ԻԼ-76»-ը իրականացնում է առաջին թռիչքը:

Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:

Երեկ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։

Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաև մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության և պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, նաև մասնավոր ընկերությունների աջակցությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները: Տոնոյանը զեկուցել է նաև հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ:

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու իրավիճակը, մինչ այժմ իրականացված և հետագա կանխարգելիչ քայլերը, հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման հնարավորությունները:

Մեկնաբանել