Այսօրվանից Վրաստանում արգելվում է չափից դուրս աղմկել

Օգոստոսի 15-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով չափից դուրս աղմկելը դառնում է պատժելի արարք։
Օրենքի համաձայն՝ տներում, փողոցում, մասնավոր և պետական հաստատություններում արգելվում է թույլատրելի չափը գերազանցող աղմուկ բարձրացնել, հաղորդում է agenda.ge կայքը։

Առաջին օրինախախտման համար քաղաքացիները չեն տուգանվի, սակայն կրկնվելու դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 150 լարիով (ավելի քան 60 դոլար), իսկ իրավաբանական անձինք՝ 500 լարիով (մոտ 210 դոլար)։ Մեկ տարվա ընթացքում երրորդ օրինախախտումը և ամեն հաջորդը կարժենա ֆիզիկական անձի համար 300 լարի, իրավաբանական անձի համար՝ 1000 լարի։

Օգոստոսի 3-ին Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է թույլատրելի ատավելագույն աղմուկի շեմը։ Գիշերային աղմուկի թույլատրելի մակարդակը կազմում է 55 դեցիբել։

Օրենքն արգելում է շինարարական աղմուկը 23։00-ից մինչև 08։00-ն, այսինքն՝ գիշերային ժամերին։

Հրավառությունների արգելում

Նոր օրենքով այսօրվանից սկսած՝ 23։00-ից հետո հրավառության աղմուկի համար Վրաստանի քաղաքացիները կարող են դիմել ոստիկանություն։

23:00-ից մինչև 08:00-ն հրատեխնիկայի կիրառման համար ֆիզիկական անձինք առաջին անգամ կտուգանվեն 150 լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 500 լարիով։ Արգելված ժամերին հրավառության կրկնակի կիրառման համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 300 լարիով, իրավաբանականները՝ 1000 լարիով։

Օրենքը սահմանում է որոշ բացառություններ, երբ հրավառությունը թույլատրվում է 23։00-ից հետո․ դրանք մի շարք տոն օրերն են։

Մեկնաբանել