Փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնում են, ահազանգում է «Հելսինկյան ասոցիացիան»

«Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվում։ Փաստաբանը ներգրավված է մի շարք աղմկահարույց գործերում, որոնցից մեկը «Սասնա ծռերի» գործն է։

Ինչպես երեկ ահազանգել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, փաստաբանը «սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին»:

««Հելսինկյան ասոցիացիա»-ն խստորեն դատապարտում է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ ցանկացած, այդ թվում՝ անձնական հետապնդումը, և պահանջում է իրավասու մարմիններց անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Հելսինկյան ասոցիացիա»-ի ահազանգին հետևել է Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի արձագանքը

«Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է և քրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ վարույթ նախաձեռնեն:

Այս պահի դրությամբ ի գիտություն է ընդունվել, որ Ա.Պապիկյանը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավասու մարմիններին:

Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ա.Պապիկյանի հետ»:

Պապիկյանի հասցեին հնչող սպառնալիքները դատապարտել է նաև Փաստաբանների պալատը՝ հայտարարելով․

««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

ՀՀ քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ:

Դեպքի առթիվ փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից արդեն իսկ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ»:

Լուսանկարը՝ Արայիկ Պապիկյանի Ֆեյսբուքի էջից։

Մեկնաբանել