Սերժ Սարգսյանը հանձնարարել է «պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի վերաբերյալ: Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Ըստ նախագահականի հաղորդագրության՝ ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ «ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները», և «այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն»:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Երեկ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Այսօրվա ընթացքում ինքնաթիռը կատարել է մի շարք թռիչքներ։

Մեկնաբանել