«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որով ահազանգել է կազմակերպության փաստաբանների նկատմամբ հետապնդումների մասին՝ պայմանավորված վերջիններիս կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու փաստով: Հետապնդումները հիմնականում իրականացվում են դատարանների կամ իրավապահ մարմինների կողմից, ինչը ցավալիորեն դարձել է սովորական երևույթ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը էլեկտրոնային նամակներ է ստանում՝ ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու, այլև իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներով: «Հելսինկյան ասոցիացիան» խստորեն դատապարտում է Պապիկյանի նկատմամբ ցանկացած, այդ թվում՝ անձնական հետապնդումը, և պահանջում է իրավասու մարմիններց անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար։
Արայիկ Պապիկյանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:
«Հելսինկյան ասոցիացիա»-ի ահազանգին հետևել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձագանքը․ «Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է և քրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ վարույթ նախաձեռնեն:
Փաստաբանների պալատը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է՝ ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:
ՀՀ քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ»:
Այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա: Դատախազությունից հաղորդեցին, որգերատեսչությունն ընթացք է տվել Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ստանալու և մասնագիտական գործունեության համար հետապնդման ենթարկվելու վերաբերյալ «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ի տարածած հայտարարությանը:
«ՀՀ գլխավոր դատախազին են դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր»,- հաղորդում են գլխավոր դատախազությունից:
Հայաստանում փաստաբանների նկատմամբ հետապնդումների մասին օրերս ահազանգել է «Քաղաքացիական համերաշխության պլատֆորմը», որի մեջ մտնող շուրջ 20 պետությունների (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, Լեհաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան) մոտ 40 հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ Հայաստանում աղմկահարույց դատական դեպքերի վրա աշխատող փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար հետապնդվում են պետական մարմինների կողմից։
Հայտարարության մեջ շեշտադրվել են փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանի դեմ հարուցված վարույթները և նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու գործելաոճը։ Բացի այդ, մտահոգություն են արտահայտել փաստաբաններ Լուսինե Սակայանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Ինեսա Պետրոսյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրման կապակցությամբ։
Ապահովել, որպեսզի փաստաբանները հանրային հնչեղության գործերով, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարության ընթացքում զերծ մնան իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում հետապնդումներից և խոչընդոտներից։
Պլատֆորմի անդամներն իշխանություններին կոչ են անում հավատարիմ մնալ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի/կարգավիճակի վերաբերյալ հիմնարար սկզբունքներին» (1990թ., Հավանա)՝ ապահովելով, որ աղմկահարույց դեպքերի վրա աշխատող փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեության ժամանակ չենթարկվեն ոտնձգությունների, ազատորեն կարողականան աշխատել իրենց պաշտպանյալների հետ, ինչպես նաև հորդորել են ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից փաստաբանների նկատմամբ: Նման վարույթները և միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնների ակնհայտ խախտումներին։