Պետպատվերով բուժման առանձնահատկությունները

ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում 2015-2016թթ․ անցկացրած հետազոտության համաձայն՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններ (պոլիկլինիկաներ) դիմած 100 մարդուց 86-ին նշանակվել է դեղորայք, որոնցից 76,1 տոկոսը կարողացել է ամբողջությամբ ձեռք բերել դեղորայքը, 17,5 տոկոսը ձեռք է բերել դեղորայքի մի մասը, իսկ 6,4 տոկոսը ընդհանրապես ձեռք չի բերել։

Դեղորայքը մասամբ կամ ամբողջությամբ ձեռք չբերելու առավել տարածված պատճառ է հանդիսացել ֆինանսական անմատչելիությունը (79,2 տոկոս)։

Երկրորդ առավել տարածված պատճառն այն է, որ դեղորայքն ունեին տանը։

Դեղորայքը մասամբ կամ ամբողջությամբ ձեռք չբերելու երրորդ առավել տարածված պատճառն է հիվանդի որոշումը, որ դրա կարիքը չկա՝ 11,7 տոկոս:  

Հիվանդների 93,9 տոկոսը ձեռք է բերել դեղորայք դեղատներից, 9,5 տոկոսը ստացել է պետպատվերով։

Հայաստանում անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում է իրականացվում մի շարք հիվանդությունների և վիճակների դեպքում, որոնք սահմանված են առողջապահության նախարարի 2013թ. հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանով։

Դրա համաձայն՝ 18-ից բարձր տարիքի անձանց անվճար հիմունքներով բուժօգնություն է տրամադրվում՝

  • վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ (շոկային վիճակներ, 2-րդ և ավելի աստիճանի, սրտամկանի սուր ինֆարկտ, ինսուլտ և այլն)  
  • վարակիչ հիվանդություններ (դիֆթերիա, քութեշի, ջրծաղիկի, կարմրուկի, կարմրախտի բարդացած ձևերը և այլն) 
  • այլ հիվանդություններ և վիճակներ (սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ, օնկոհեմատոլոգիական հիվանդություններից՝ արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ, և այլն):

Մինչև 18 տարեկան անձանց տրամադրվում է ավելի լայն ծավալով բուժօգնություն, որը 18-ից բարձր տարիքի անձանց դեպքում անվճար սպասարկվող հիվանդություններից և վիճակներից բացի, ներառում է նաև՝  

  • անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ և հիվանդություններ (սուր սրտային և/կամ անոթային անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն, շնչական անբավարարություն 1-ին և 2-րդ աստիճան, հիպերտոնիկ կրիզ, ասթմատիկ վիճակ և այլն)  
  • սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ (սիֆիլիսի բոլոր ձևերը, բշտային մաշկախտեր և այլն):

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենք՝ ընդունված 1996թ․

Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան:

Կառավարության 2004-ի 318-Ն որոշմամբ էլ սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերը՝

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

7. Մինչև 7 տարեկան երեխաներ

8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան

9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան

10. Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով

11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան

12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան

15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)

17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ

18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ

19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

20. Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք

21. Բռնադատվածներ

22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք

24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները

Կոռուպցիայի համաշխարհային համաթվի համաձայն՝ Հայաստանի բնակչության 66 տոկոսը կարծում է՝ բժշկական և առողջապահական ծառայությունները Հայաստանում կոռումպացված/չափազանց կոռումպացված են։

Լիլիթ Աբովյան