Եթե չմտնեինք ԵՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ պետք է վաճառեին․ Շարմազանով

Հանրապետական կուսակցությունում կեղծ օրակարգ են համարում ԵԼՔ դաշինքի որոշ գործիչների կողմից Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու մասին կոչերը։

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողի հարցադրմանն արձագանքեց․

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արդարացված է, արդյունավետ է, և առաջարկում ենք մեր գործընկերներին խոսել ոչ թե էմոցիաների ու արտաքին քաղաքական ճաշակի առաջնահերթությամբ, այլ խոսել փաստերով։ Եթե մենք չմտնեինք ԵՏՄ, Հայաստանի բանջարեղենը՝ լոլիկն ու վարունգը, պետք է Փարիզո՞ւմ վաճառեին։ Եթե մենք չմտնեինք ԵՏՄ, Հայաստանի կոնյակը, որ Եվրոպայում բրենդի է կոչվում, պետք է Ֆրանսիայո՞ւմ կամ Մեծ Բրիտանիայո՞ւմ վաճառեին։ Ի վերջո, մենք միացել ենք 180 միլիոնանոց շուկայի, որը մեծ հնարավորություն է տալիս մեր զարգացմանը»։

Արձագանքելով լրգարողի՝ ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին հարցադրմանը, Շարմազանովն ասաց, որ պաշտոնապես չի լսել և չի կարդացել, որ ԵԼՔ դաշինքը պատրաստ է որպես դաշինք ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին։ Նա նշեց, որ ԵԼՔ դաշինքից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական փուլում առ այսօր դիրքորոշում չի հայտնել՝ ի տարբերություն «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, որոնք առաջնորդների մակարդակով արտահայտվել են Հայաստանի ԵՏՄ անդամակցության դեմ։

Շարմազանովը նշեց, որ աշնանը իրենք կներկայացնեն ամբողջական տեղեկատվություն, թե ինչ է տվել ԵՏՄ մուտք գործելը Հայաստանին։

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ ԵՏՄ-ից դուրս գալը արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար։

Մեկնաբանել