ԼՂ հարցը ՌԴ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը միտված միջոցներին․ երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ միջնորդները աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ և երկու երկրների նախագահների հանդիպման հույս ունեն։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն անում է անհրաժետ ամեն բան, որպեսզի կայունացնի իրավիճակը ու ստեղծի բանակցային գործընթացի շարունակման պայմաններ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ներկայում համանախագահները աշխատում են հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ և այդ նպատակով բանակցություններ են անցկացրել նախարարների հետ Բրյուսելում։

«Խորհրդակցությունները կշարունակվեն սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում։ Դրանց արդյունքներով կարվի համապատասխան հայտարարությունը»,- նշել է խոսնակը։

Մարիա Զախարովան շեշտել է՝ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությանը «հատուկ ուշադրություն է հատկացնում»։ Հակամարտության կարգավորումը, նրա խոսքով, դասվում է ՌԴ «արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքին» և հիշատակվում է ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգում։

***

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին շարունակվել են Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Մեկնաբանել