Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Այսօր՝ ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։