Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունն ամրագրվեց հուշագրով

Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։

Ինչպես նշում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերտեսչությունների միջև։

Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։

Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ-ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Իրանի նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները ևս։

Նախօրեին Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձևավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։

«Ինձ զեկուցել են, որ մեր ստեղծած աշխատանքային խմբերը բավականին արդյունավետ քննարկումներ են ունեցել։ Վստահ եմ, որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այն համագործակցությունը, որի սկիզբը մենք այսօր կդնենք, կխորացնեն հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը»,- նշել է Կարայանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը ներկայացրել է խմբերի աշխատանքների արդյունքները և գործնական առաջարկները։ Մասնավորապես՝ նշվել է, որ քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունաբերության և գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի աշխատանքային խմբի քննարկումները որոնք առնչվում են լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերին, զբոսաշրջային ցուցահանդեսներին, տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձևավորման և արտերկրում դրա առաջմղման հարցերին։

«Արաս» առևտրի ազատ գոտին Իրանի համար Կովկասի և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է: Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և բավականին լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ և մենք հուսով ենք, որ կկարողանանք այդ հանգամանքն օգտագործել Եվրասիական շուկա մուտք գործելու համար»,- ասել է Թորքանը։

Մեկնաբանել