Իսպանիան Թուրքիայի խնդրանքով ձերբակալել է թուրք հայտնի մտավորական Դողան Ախանլըին

Իսպանիայի իրավապահ մարմինները Թուրքիայի կողմից Ինտերպոլ ներկայացրած հայցի հիման վրա ձերբակալել են Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրող թուրք մտավորական, գրող Դողան Ախանլըին: Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը, Գերմանիայի քաղաքական շրջանակները Ախանլըի ձերբակալությունը որակում են քաղաքական պատվեր: Գրողը թուրք այն մտավորականներից է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և այդ թեմայով գրքեր հեղինակել:

Ախանլըի ձերբակալության օրդերը տրվել է «կարմիր ծանուցմամբ»: Նրա փաստաբան Իլիաս Ույարը Der Spiegel պարբերականին ասել է, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին, և մեղադրանքներն աղոտ են: Ույարի խոսքով՝ Ախանլըի ձերբակալությունը «Թուրքիայի կառավարության կողմից Եվրոպայում բնակվող քննադատների դեմ սկսված որսի մի մաս է կազմում»:

Deutsche Welle-ն շեշտում է, որ մտավորականի ձերբակալությունը Գերմանիայում ցասում է հարուցել. խորհրդարանականները կոչ են անում ազատ արձակել Ախանլըին:

«Ես դիմել եմ ԱԳՆ՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել իսպանական իշխանությունների հետ՝ կանխելու նրա արտահանձնումը Թուրքիա»,- ասել է Կանաչների կուսակցության անդամ Վոլքեր Բեքը: 

Քյոլնի Kölner Stadt-Anzeiger պարբերականի համաձայն, Գերմանիայի արտաքին գերատեսչությունը հետաքննում է միջադեպը: Բեքի դիտարկմամբ՝ թուրք գրողի ձերբակալությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փորձն է «տարածել իր իշխանությունը երկրի սահմաններից դուրս՝ իր քննադատներին ահաբեկելու և աշխարհով մեկ նրանց հետապնդելու նպատակով»: 

Ձախ կուսակցության համանախագահ Կատյա Քիփինգը Թվիթերում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ախանլըին՝ գրելով. «Անհավատալի է: Ես Դողան Ախանլըի անհապաղ ազատ արձակման կոչ եմ անում: Դեռ որքան ենք թույլ տալու, որ Էրդողանը մտնի Եվրոպա»:

Թուրքական Hurriyet Daily News-ը տեղեկացնում է, որ Դողան Ախանլըն ձերբակալվել է օգոստոսի 19-ին իսպանական Գրանադայում: Իսպանիան կարող է արտահանձնել Ախանլըին այն դեպքում, եթե Թուրքիան համոզի իսպանական դատարաններին, որ գրողի դեմ իրական մեղադրանքներ ունի: 

Ախանլըն Թուրքիայից փախել է 1991թ.: 1995-ից ապրում է Քյոլնում:

Նրա ձերբակալությանը Ֆեյսբուքում անդրադարձել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը. «Խոսքեր չունեմ: Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են թուրք մտավորական, գրող Դողան Ախանլըին արձակուրդի ժամանակ: 1991-ին նա փախել էր Գերմանիա, որտեղ ստացել էր քաղաքական ապաստան: 1998-ին Թուրքիան նրան զրկել էր քաղաքացիությունից: Նա դարձել էր Գերմանիայի քաղաքացի 2001-ին: 2010-ին նա ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում, երբ եկել էր տեսակցելու մահացող հորը: Նա այդպես էլ չէր կարողացել տեսակցել հորը և միայն այցելել էր հոր գերեզման: 2011-ին նա արդարացվել էր և վերադարձել Գերմանիա:

Չէ, Իսպանիան երևի նրան ձերբակալել է Թուրքիայի հայցով: Սա չար կատակ է»:

Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները երկրում սկսել են զանգվածային ձերբակալություններ, որոնց արդյունքում ազատազրկվել է ավելի քան 50 հազար մարդ:

Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի թուրքերին կոչ է արել սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կանցլեր Անգելա Մերկելի դեմ քվեարկել: Մերկելը Էրդողանի կոչը դատապարտել է՝ ասելով, որ Գերմանիան թույլ չի տա Էրդողանին ազդեցություն ունենալ քարոզարշավի ընթացքի վրա:

Դողան Ախանլըն թուրք այն մտավորականներից է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և այդ թեմային նվիրել գրքեր:

Կարդացեք նաև՝ Պետք է խոստովանեմ՝ ես ամենուր օտարական եմ․ Նշանյանի հարցազրույցը՝ թուրքական բանտից փախուստից մեկ ամիս անց:

Ստելլա Մեհրաբեկյան