Իսպանիայում Թուրքիայի խնդրանքով ձերբակալված գրողը պայմանական ազատ է արձակվել

Շաբաթ օրը իսպանական Գրանադայում Թուրքիայի հայցի հիման վրա ձերբակալված թուրք մտավորական Դողան Ախանլըն պայմանական ազատ է արձակվել, այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Իլիաս Ույարը։ Նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել այն պայմանով, որ կմնա Մադրիդում։

Գերմանիայում ապրող թուրք գրողի ձերբակալությանն անդրադարձել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելը հեռուստաեթերում։ Նա քննադատել է փաստը, որ Թուրքիան օգտագործել է Ինտերպոլը Դողան Ախանլըին ազատազրկելու ու արտահանձնելու նպատակով՝ դա որակելով որպես միջազգային գործակալության չարաշահում։

«Դա ճիշտ չէ, և ես շատ ուրախ եմ, որ Իսպանիան նրան ազատ է արձակել,- ասել է Մերկելը։ – Մենք չպետք է չարաշահենք միջազգային կառույցները նման նպատակներով»,- Deutsche Welle-ն մեջբերում է Մերկելին։

Դողան Ախանլըի ձերբակալության մասին ավելին՝ Իսպանիան Թուրքիայի խնդրանքով ձերբակալել է թուրք հայտնի մտավորական Դողան Ախանլըին։