Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերին

Օգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։

«Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցեց հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց ոգին։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն արտահայտեց, ապա նշեց, որ նրանց զավակներն իրենց կյանքն ընծայեցին հանուն հայրենիքի ապահով ու անվտանգ կյանքի, որպեսզի իրենց մայրերն ու քույրերն ապրեն խաղաղության մեջ, ոտնակոխ չլինեն սրբությունները և երաշխավորվի մեր ժողովրդի վաղվա օրը։

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ նահատակված զինվորների հիշատակը նվիրական է ամենքի համար և նրանք իրենց սխրանքով ու հերոսական օրինակով պիտի շարունակեն հավերժ ապրել մեր ժողովրդի հոգում՝ առաջացնելով միմիայն հպարտության և երախտագիտության զգացում։

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց նաև, որ հայ զինվորը՝ հայրենյաց սահմանների պաշտպանը, մշտապես իր և յուրաքանչյուր հայ եկեղեցականի աղոթքներում է»,- ասված է Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդագրությունում։

Պատասխանելով զինծառայողների մայրերին հուզող հարցերին՝ վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղոթել է զոհված զինվորների հոգիների հանգստության համար, ապա օրհնելով որդեկորույս մայրերին՝ նրանց մաղթել «նույն հայրենասիրական ոգով, որով կրթել և դաստիարակել են իրենց զավակներին, շարունակել իրենց կարևոր առաքելությունը կյանքում»։

Մեկնաբանել