Օգոստոսի 20-ին Բորջոմիի ազգային այգում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 20-ին Վրաստանի Բորջոմի-Խարագաուլիի ազգային այգում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում են վրաստանյան լրատվամիջոցները, ուժեղ քամու պատճառով հրդեհը արագ տարածվել է 5 հեկտար մակերեսով տարածքում։ Մինչև երեկո Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը ներգրավվել է հրդեհաշիջման աշխատանքներում։ Վրաստանի ՆԳ նախարարը հայտարարել է, որ կրակը մեկուսացվել է։

Ըստ հաղորդագրությունների՝ կրակը բռնկվել է անտառի դժավարամատչելի հատվածում, ինչը դժվարացրել է այրվող տարածքներին հրշեջների մոտեցումը։

Վրացական «Գրուզիա օնլայնը» փոխանցում է, որ գիշերվա ընթացքում ծանր տեխնիկայի միջոցով այլընտրանքային ճանապարհ է հարթվել, որով հրշեջ մեքենաները կարողացել են հասնել հրդեհի օջախ։

Հրդեհաշիջման աշխատանքներում անմիջապես ներգրավվել է ավելի քան 200 հրշեջ։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Վրաստանի Ազգային անտառային գործակալության աշխատակիցները խրամատներ են փորում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Հրդեհաշիջման աշխատանքներին հետևել և համակարգել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին, որը ժամանել է դեպքի վայր։ Նա ասել է, որ հրդեհը «մեկուսացվել է և տարածման վտանգ չկա»։

Ազգային անտառային գործակալության տնօրեն Թոռնիկե Գվազավան տեղեկացրել է, որ հրդեհի արդյունքում տուժել է այն տարածքը, որը հրդեհվել էր 2008թ․ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, և «ներկայում ծածկված է թփերով, նորելուկ ծառերը չեն տուժել»։

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, մինչդեռ, գրում է, որ հրդեհը մարել «դեռ չի հաջողվել»։

«Վրաստանը չունի հրշեջ ավիացիա։ Այդուհանդերձ, Վրաստանի ՆԳՆ աղբյուրները «Կոմերսանտ»-ին տեղեկացրին, որ Թբիլիսին դեռ չի դիմել Մոսկվային՝ օգնության խնդրանքով, քանի որ սեփական ուժերով հրդեհը հաղթահարելու հույս ունի»,- գրում է պարբերականը։

Բորջոմիի անտառը Բորջոմի-Խարագաուլիի արգելոցի մեջ է մտնում։ Բորջոմին վրաստանյան հանգստավայր է, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրով։

***

Օգոստոսի 12-ին հրդեհ էր բռնկվել Հայաստանի «Խոսրովի անտառ» արգելոցում։ Օգոստոսի 13-ի լուսադեմին ԱԻՆ-ը սկսեց հրդեհաշիջման աշխատանքները: Օգոստոսի 14-ին Հայաստանի խնդրանքով Ռուսաստանից ժամանեց հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ, որն այս օրերին կատարել է մոտ երկու տասնյակ թռիչք։ Օգոստոսի 16-ին հաղորդվեց, որ մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է:

Բնապահպանության նախարարության մոտավոր հաշվարկներով՝ Խոսրովի արգելոցում այրվել է շուրջ 200 հեկտար գիհիի, 900 հեկտար կաղնու անտառներ և 1600 հեկտար խոտածածկ տարածք։