Թուրքիայի և Իրանի ժամանակավոր ընկերությունը՝ ընդդեմ «ընդհանուր գլխացավանքի»

Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «օրակարգում է Իրանի հետ համատեղ օպերացիան Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ»։ Էրդողանի այս հայտարարությունը հետևում է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի՝ Անկարա կատարած այցին, որը վերլուծաբաններն անվանում են «աննախադեպ»։ Այցի նախաշեմին Բաղերին ասել է, որ Իրանն ու Թուրքիան միակարծիք են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցում։ Բաղերիի խոսքով՝ և՛ Թուրքիան, և՛ Իրանը համաձայն են, որ եթե անկախության հանրաքվեն տեղի ունենա, այն «նոր լարվածության և հակամարտությունների պատճառ կդառնա Իրաքի ներսում, ինչն էլ իր հերթին իր արձագանքը կունենա հարևան պետություններում»։ Գեներալը շեշտել է, որ իր այցը Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Թուրքիա 1979թ․ Իսլամական հեղափոխությունից ի վեր։

Al-Monitor-ի սյունակագաիր Ամբերին Զամանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս այցը Թուրքիայի կառավարամետ պարբերականները մեծ լավատեսությամբ են լուսաբանել՝ փաստելով, որ երկու կողմերը «ինչպես երբեք ցանկանում են համաձայնության հասնել Իրաքում ու Սիրիայում»։

«Մինչև վերջերս նման լավատեսությունն աներևակայելի էր։ Պատմականորեն հակառակորդներ Իրանն ու Թուրքիան սիրիական հակամարտության սկզբնական փուլում հակառակ դիրքորոշումներ ունեին․ Իրանը սատարում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Թուրքիան՝ սուննի ընդդիմադիրներին, որոնք պայքարում էին Ասադի դեմ։

Մինչ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հակամարտությունը կարգավորելու ուղիներ են փնտրում, Իրանն ու Թուրքիան կարծում են, որ իրենց մեջքի հետևում համաձայնություններ են կայացվում և ձգտում են միավորման»,- գրում է Զամանը։

Վերջինս շարունակում է, որ Իրանում և Թուրքիայում տարածաշրջանի ամենամեծ քրդական բնակչություններն են․ Թուրքիայում՝ առնվազն 14 մլն քուրդ, Իրանում՝ դրա մոտ կեսը։ Երկու պետությունն էլ դեմ են Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեին, որն անցկացվելու է սեպտեմբերի 25-ին։

Սակայն, ըստ Զամանի, Թուրքիան շատ ավելի է ահաբեկված հյուսիսային Սիրիայում «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) նվաճումներով, որոնք սերտորեն կապված են PKK-ի հետ։ Քրդական հարցերը լուսաբանող լրագրողը նշում է, որ Իրանը PKK-ն դիտարկում է որպես Թուրքիայի և Իրաքի քրդերի դեմ մարտավարական լծակ, սակայն ավելի լայն պատկերում Իրանը PKK-ն և Իրաքի Քրդստանում հաստատված իրանցի քուրդ ընդդիմադիրներին դիտարկում է որպես սպառնալիք, հատկապես ներկայում, երբ Միացյալ Նահանգները թեև անուղղակիորեն, բայց կապված է PKK-ի հետ YPG-ի միջոցով (նա չի կարող պաշտոնապես առնչվել PKK-ի հետ, քանի որ խմբավորումը Պետքարտուղարության ահաբեկչական խմբավորումների ցանկում է)։

Ի՞նչ, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի ապակայունացնել և տապալել Իրանի վարչակարգը՝ հրահրելով անջատական շարժում նրա քրդական շրջաններում։

«Ի՞նչ, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի ապակայունացնել և տապալել Իրանի վարչակարգը՝ հրահրելով անջատական շարժում նրա քրդական շրջաններում»,- հարցադրում է անում Ամբերին Զամանը՝ հավելելով, որ Թուրքիան նմանապես սարսափում է ԱՄՆ-YPG դաշինքից։

«Կառավարամետ մամուլը հեղեղված է դավադրության տեսություններով այն մասին, թե ինչպես է Ամերիկան ուզում մասնատել Թուրքիան՝ զինելով YPG-ն, որը շարունակում է մնալ Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ամենաարդյունավետ դաշնակիցը»,- նկատում է սյունակագիրը։

PKK-ն գլխացավանք է և՛ Թուրքիայի, և՛ Իրանի համար

Քրդական խնդրում Անկարայի և Թեհրանի միջև այս պահին որոշակի համաձայնության առկայությունը հաստատում է նաև արևելագետ Սարգիս Գրիգորյանը։

«PKK-ն այն կառույցն է, որը երկու երկրների համար գլխացավանք է դարձել, սակայն համաձայնությունը միայն դրանով չէ պայմանավորված, այլ տարածաշրջանում ընդհանրապես քրդական գործոնի ակտիվացմամբ և Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեով։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իրանը բացասական են տրամադրված հանրաքվեին։ Երկու երկրներում էլ կան քրդաբնակ տարածքներ, որտեղ նկատվում են կենտրոնախույս տրամադրություններ, որոնք ցավագին են ընդունում կենտրոնական իշխանությունները։

Այսպիսով, քրդական խնդրի համընդհանուր ակտիվացման և Սիրիայում քրդերի որոշակի հաջողությունների ֆոնին առկա են իրողություններ, որոնք թեկուզ կարճատև, բայց հնարավոր են դարձնում Թուրքիա-Իրան համագործակցությունը։

Բացի այդ, քրդական իրողությունները ճիշտ ընկալելու համար պետք է հասկանալ, թե ինչ քաղաքական կառույցի ու առաջնորդի ազդեցության տակ է քրդական այս կամ այն տարածքը։ Եվ եթե անգամ ներկա փուլում PKK-ի տեսանկյունից և սիրիական զարգացումներով պայմանավորված կա ընդհանուր մոտեցում, Անկարայի ու Թեհրանի դիրքորոշումները չեն կարող նույնը լինել Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ու Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) հետ կապված․ առաջինը համագործակցում է Թուրքիայի հետ, իսկ երկրորդը հովանավորվում է Իրանից։ Գաղտնիք չէ, որ և՛ ՔԴԿ-ն, և՛ ՔՀՄ-ն Քրդստանի տարածաշրջանային կառավարության մաս են կազմում, և այդ կառույցների միջև կան բազում խնդիրներ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց արևելագետը։

«Հենց այդ պատճառով կողմերից և ոչ մեկը չի ցանկանա զոհաբերել իր շահերը Իրաքյան Քրդստանում՝ օգնելու մյուսին վերահսկողության տակ պահել իր քրդական բնակչությունը»,- միտքը շարունակում են Stratfor ամերիկյան հետազոտական կենտրոնի փորձագետները։

«Եթե Անկարան ու Թեհրանը միավորվեն հանրաքվեի դեմ, այդուհանդերձ, կխուսափեն քուրդ իրենց դաշնակիցների հետ հարաբերությունները խաթարելուց»։

Ու թեև Իրանն ու Թուրքիան հեռու են հուսալի ընկերներ լինելուց, տարիների ընթացքում նրանք ցուցաբերել են պրագմատիկ մոտեցում փոխշահավետ հարցերի շուրջ աշխատելու հարցում։

Այդուհանդերձ, երկարաժամկետ հեռանկարում, ըստ Stratfor-ի, երկուսի տարբերությունները գերակշռելու են նմանությունները։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել