Բորջոմիում հրդեհի դեմ պայքարում Վրաստանին օգնում է նաև Հայաստանը (լրացված)

16:55

ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի դեմ պայքարելու նպատակով։ Մեքենաներն ուղեկցում է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը։ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ Հայաստանի հրշեջ-փրկարարական անձնակազմն արդեն ճանապարհին է։

16:24

Արդեն երեք օր անընդմեջ Վրաստանի հարավում՝ Բորջոմի-Խարագաուլիի ազգային այգում, բռնկված հրդեհը չի հաջողվում մարել, թեև երեկ կեսօրին Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին հայտարարել էր, որ հրդեհը մեկուսացվել է։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը Վրաստան է ուղարկել ուղղաթիռ։ Վրաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակը ոչնչացրել է ավելի քան 12 հեկտար տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին հետևում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը երեկ երեկոյան մեկնել է Բորջոմի։ Նրա հրամանով տեղում հատուկ շտաբ է ստեղծվել, որը համակարգում է համապատասխան մարմինների աշխատանքները։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հրշեջներին դեռ չի հաջողվում չեզոքացնել հիմնական օջախը` դրա դժվարամատչելիության պատճառով։ Կվիրիկաշվիլին նաև տեղեկացրել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է լրացուցիչ տեխնիկա ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից։

Ուղղաթիռներից բացի հրդեհի դեմ պայքարում է մինչև 500 հրշեջ, փրկարար և անտառապահ։

Ինչպես հաղորդում է Վրաստանի հայալեզու Aliq Media կայքը, Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին ասել է, որ Վրաստանի իշխանություններն օգնություն են խնդրել նաև այլ երկրներից, սակայն առայժմ օգնություն են ստացել միայն Թուրքիայից և Ադրբեջանից:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը երեկ գրել է․ «Վրաստանը չունի հրշեջ ավիացիա։ Այդուհանդերձ, Վրաստանի ՆԳՆ աղբյուրները «Կոմերսանտ»-ին տեղեկացրին, որ Թբիլիսին դեռ չի դիմել Մոսկվային՝ օգնության խնդրանքով, քանի որ սեփական ուժերով հրդեհը հաղթահարելու հույս ունի»։

Մեկնաբանել