Արա Զոհրաբյանը մեղադրում է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ին Փաստաբանների պալատը «թիրախավորելու» մեջ

«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ կապված լրատվամիջոցները թիրախավորում են Փաստաբանների պալատը, իսկ մենք գիտենք, թե ով է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի վարողը․ Սիվիլնեթի ստուդիայում տված հարցազրույցում ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Փաստաբանական համայնքում տեղի ունեցող «ալեկոծությունները» նա պատահական չի համարում։

«Մենք մշտապես խնդիրներ ունեցել ենք։ Հիմա խնդիրներն ավելի սրված են։ Ես կարծում եմ, որ այստեղ Փաստաբանների պալատին թիրախավորելու խնդիր կա, և այդ միտումը գալիս է ոչ թե կոնկրետ փաստաբանից, այլ գալիս է ավելի վերևից։ Մասնավորապես, մեր մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ օրինակ մի քանի լրատվամիջոցներ, որոնք ուղղակի կապված են կամ կապված չեն «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ, կոնրկրետ թիրախավորում են Փաստաբանների պալատը, իսկ մենք գիտենք, թե ով է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի վարողը»,- ասել է Զոհրաբյանը։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ Փաստաբանների պալատն «անկախ է ինչպես պետական մարմիններից, այնպես էլ մի խումբ փաստաբաններից»։

Հարցադրմանը, թե արդյոք իշխանություններից են գալիս ճնշումները, նա պատասխանեց․ «Փաստաբանների մեծամասնությունն է խաղի կանոնները թելադրում, դա է ժողովրդավարական ձևը, իսկ թե իշխանության ներկայացուցիչներ են, թե՝ ոչ, ինձ թվում է՝ մարդիկ են, ովքեր պաշտոն են զբաղեցնում ու մարդիկ են, որ ինչ-որ ամբիցիաներ ունեն, բայց ի վերջո դա չի ստացվելու, որովհետև Փաստաբանների պալատն ի վիճակի է իրեն պաշտպանելու»,- ընդգծել է Զոհրաբյանը։

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը, միակ թեկնածուն Արա Զոհրաբյանն է։ Մի շարք փաստաբաններ նրան մեղադրում են «իշխանությունների հետ համագործակցելու մեջ»։ Արա Զոհրաբյանի ընդդիմախոսները պնդում են, որ Զոհրաբյանի ղեկավարությամբ Փաստաբանների պալատը դարձել է «կառավարելի և միակենտրոն կառույց», որը հաճախ գործում է ի վնաս փաստաբանական համայնքի։

Պատրաստեց Գևորգ Թոսունյանը

Մեկնաբանել