Չենք կարող այլևս ուսերը թափ տալով՝ ընդունել Թուրքիայի պահվածքը․ Յոհանես Հան

Եվրամիությունը այլևս չի կարող ուսերը թափ տալով՝ընդունել Անկարայի անընդունելի պահվածքը և պետք է փոխի Թուրքիայի հարցում իր ռազմավարությունը․ այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում, որը հատվածաբար ներկայացրել է Politico կայքը։

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ անդամ պետությունները քննարկեն այս վարքագծի ռազմավարական հետևանքները։ Միայն ուս թափ տալը երկարաժամկետ հեռանկարում քաղաքական ռազմավարություն չէ»,- նշել է Հանը։

Ի հիմնավորումն իր հայտարարության՝ Հանը երկու փաստարկ է բերել․ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունը ընտրարշավին, ինչպես նաև քաղաքական ընդդիմախոսներին արտահանձնելու պահանջը անընդունելի են։ Անկարան ակնհայտորեն ցանկություն չունի վերանայելու իր ուղեգիծը, ինչը նրան ավելի ու ավելի է հեռացնում Եվրոպայից»։

Ուրբաթ օրը Էրդողանը կոչ էր արել Գերմանիայում ապրող թուրքերին չքվեարկել իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Կանաչների օգտին՝ նրանց անվանելով Թուրքիայի թշնամիներ։ Գերմանիայի և Ավստրիայի քաղաքական շրջանակները մեծապես քննադատել են Էրդողանին սեպտեմբերի 24-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքին միջամտելու համար։

Իրավիճակը սրել է նաև հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպը՝ կապված թուրք մտավորական Դողան Ախանլըի հետ․ շաբաթ օրը իսպանական ոստիկանությունը Թուրքիայի կողմից Ինտերպոլ ներկայացված հայցի հիման վրա ձերբակալել էր Ախանլըին և ավելի ուշ պայմանական ազատ արձակել նրան։

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը խոչընդոտում են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկրում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հետ կապված խնդիրները։

Այս տարվա հուլիսին Եվրամիության օրենսդիրները կոչ էին արել կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները՝ պայմանավորված վերջին մեկ տարում Թուրքիայում ընդդիմախոսների դեմ բռնաճնշումներն ու հետապնդումները։

Հուլիսի վերջին ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը հետևած իր ելույթում Հանն ասել էր, որ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունները, այդ թվում՝ մամուլի ազատությունը՝ բոլորը անհրաժեշտ պայմաններ են դեպի Եվրամիություն առաջընթաց ապահովելու համար։ Նա շեշտել էր, որ Թուրքիայում հազարավոր լրագրողների, գրողների, գիտնականների, իրավաբանների և իրավապաշտպանների ազատազրկումը մեծ մտահոգություն է առաջացնում։

Մեկնաբանել