Նեթանյահուն Սոչիում Պուտինին հիշեցրել է «իրանական սպառնալիքի» մասին

Այսօր Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան TASS գործակալությունը, Նեթանյահուն հայտարարել է, որ «Իրանի դիրքերի ամրապնդումը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի և ամբողջ աշխարհի համար»։

Նեթանյահուի խոսքով՝ Իրանը «հսկայական ջանքեր է գործադրում Սիրիայում իր ներկայությունն ամրապնդելու համար»։

«Իրաքում և Եմենում Իրանի վերահսկողության մակարդակը շատ բարձր է, գործնականում վերահսկողության տակ է գտնվում նաև Լիբանանը»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նա կարևորել է համատեղ ջանքերը Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ։

«Բացասական կողմն այն է, որ որտեղ հաղթում ենք ԻՊ-ին և արմատախիլ անում ահաբեկչությունը, այնտեղ մտնում է Իրանը»,- հայտարարել է Բենյամին Նեթանյահուն՝ Թեհրանին մեղադրելով «ահաբեկչական խմբավորումներին զինելու» մեջ։

Նեթանյահուի ռուսաստանյան այցի նախաշեմին Times of Israel-ը, հղում անելով Yedioth Ahronoth օրաթերթին, գրել է, որ Սոչիում Նեթանյահուն Պուտինին փոխանցելու է «գերգաղտնի հետախուզական տեղեկություններ»՝ տարածաշրջանում Իրանի ռազմական ազդեցության ընդլայնման վերաբերյալ։

Ըստ թերթի՝ Նեթանյահուին Սոչիում ուղեկցում է Մոսադի ղեկավար Յոսի Քոենը, որն էլ տիրապետում է «զգայուն, վստահելի և շատ անհանգստացնող» հետախուզական տվյալների։

Ըստ հրապարակման՝ իսրայելական բարձրաստիճան պատվիրակությունը անցյալ շաբաթ նույն տեղեկատվությունը փոխանցել է ամերիկացիներին։

Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին և Ռուսաստանին, որ ձեռնպահ մնան Սիրիայում այնպիսի կարգավորումից, որը Իրանին և Հեզբոլլահին թույլ կտա ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայում։

Երեքշաբթի օրը՝ Պուտինի հետ հանդիպման նախօրեին, Նեթանյահուն խորհրդակցություններ է ունեցել հետախուզության բարձրաստիճան ղեկավարության հետ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել