«Նախիջևանից Հայաստանի նկատմամբ սպառնալիքը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ»

Ադրբեջանը Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, անցկացրել է ուսումնավարժական թռիչքներ՝ Սու-25 ինքնաթիռների մասնակցությամբ։ Թռիչքների տեսագրությունները, ըստ «Ռիա նովոստի»-ի, իր պաշտոնական կայքում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Արդիականացված Սու-25 օդանավերը նախատեսված են ռազմի դաշտում ցամաքային ուժերի աջակցության համար՝ օրվա ցանկացած ժամի և եղանակային ցանկացած պայմաններում, ինչպես նաև տարբեր թիրախների ոչնչացման համար։

Ինչպես վերջերս գրել է Eurasianet կայքի սյունակագիր Զաուր Շիրիևը, Ադրբեջանը վերջին մեկ տարում Նախիջևանում կուտակում է ռազմական ուժը։ Հեղինակի խոսքով՝ դա մեծացնում է Նախիջևանի ռազմավարական նշանակությունը ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար։

Նախիջևանը Ադրբեջանին էքսկլավ է և սահմանակցում է երեք պետությունների՝ Հայաստանին, Իրանին և Թուրքիային՝ չունենալով սահման Լեռնային Ղարաբաղի հետ։ Այն ամենամոտ ադրբեջանական տարածքն է Հայաստանին։

Ադրբեջանի քաղաքական վերնախավի համար, ըստ Շիրիևի, Նախիջևանի ռազմավարական կարևորության մյուս պատճառն այն է, որ այն Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հայրենիքն է։

Ադրբեջանը Նախիջևանում տեղակայել է հատուկ նշանակության ուժեր, օդային պաշտպանության նոր համակարգեր, ինչպես նաև հրթիռներ ու հրետանի, այդ թվում՝ Սմերչ, T-300 Kasirga և T-122 Sakarya թուրքական համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ամեն տարի այնտեղ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվում։

Ներկայում, ըստ հոդվածագրի, Նաիջևանում տեղակայված է 20 հազ․ զինվոր և մոտ 400 զրահամեքենա, օդուժ, օդային պաշտպանության համակարգեր։ Eurasianet-ին ադրբեջանական զինվորական աղբյուրն ասել է, որ ուշադրության կենտրոնում «ոչ թե քանակն է, այլ որակը»։ Այս ամենում գործուն դերակատարություն ունի Թուրքիան, որի ռազմական ներկայությունը բավական տեսանելի է։

Eurasianet-ի սյունակագիրը նկատում է, որ ռազմական ուժի կուտակումը Նախիջևանում սկսվել է անցյալ տարի՝ այն բանից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ, որոնց ձեռք բերումը Հայաստանին առաջին անգամ հնարավորություն է ընձեռում հարվածել Բաքվին, նավթային ենթակառուցվածքներին և ռազմավարական այլ թիրախների։

Նախիջևանի հետ սահմանը Երևանից 60 կմ հեռավորության վրա է, ինչը ենթադրում է, որ ադրբեջանական «Սմերչ»-երը (90 կմ հեռահարությամբ) կարող են հեշտությամբ հասնել Հայաստանի մայրաքաղաք։

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահը, «Նախիջևանի բանակը ի վիճակի է կատարել ցանկացած առաջադրանք»։ Իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց սպառնացել է․ «Թշնամին պետք է իմանա, որ եթե Նախիջևանի դեմ սադրանք լինի, մենք կտանք հուժկու հակահարված, և մի քանի րոպեում հարվածի տակ կհայտնվեն բոլոր գլխավոր քաղաքները։ Բոլորը գիտեն, որ Նախիջևանի պաշտպանությունը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, և այն պաշտպանում է ամենաարհեստավարժ բանակը»։

«Երկու կողմերն, այդուհանդերձ, գիտակցում են, որ միմյանց մայրաքաղաքներին հարվածելը կհանգեցնի կործանարար հակահարվածի»,- նկատում է Շիրիևը։ Մասնավորապես, Նախիջևանից Հայաստանին հասցված հարվածը կարող է դրդել Երևանին՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամի (ՀԱՊԿ), պահանջել, որ Ռուսաստանը միջամտի․ էսկալացիա, որից Բաքուն խուսափում է։

Նախիջևանը դարձնելով հնարավոր վայր, որտեղից կարելի է հարվածել Երևանին, որդի Ալիևը դիմում է չափազանց վտանգավոր և սադրիչ քայլի

Լրագրող Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ Նախիջևանից Հայաստանի նկատմամբ սպառնալիքը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ՝ հակամարտության մեջ ներքաշելով մի շարք երրորդ երկրների։ Թաթուլ Հակոբյանի մեկնաբանությունը՝ ստորև։

«Ղարաբաղյան պատերազմի տարիների ակտիվ փուլում Նախիջևանը գերազանցապես զերծ էր մնում ռազմական գործողությունների վայր դառնալուց՝ մի շարք պատճառներով։ Հայկական կողմը խուսափում էր գործողություններից, որոնք կարող էին Թուքիային պատերազմի անմիջական մասնակից դառնալու առիթ տալ։ Նախ՝ Նախիջևանը Թուրքիայի «քթի տակ է», երկրորդ՝ նրա նկատմամբ ունի յուրահատուկ վերաբերմունք՝ պայմանավորված 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով։

Հեյդար Ալիևը, որը պատերազմի շրջանում ղեկավարում էր հայրենի Նախիջևանը, ևս զերծ էր մնում քայլերից, որոնք Հայաստանին թույլ կտային ռազմական գործողությունները տեղափոխել Նաիջևանի տարածք, իսկ Հայաստանն ուներ այդ հնարավորությունը։

Այսպիսով, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Նախիջևանում խաղաղությունը բխում էր կողմերի շահերից։

Այսօր Նաիջևանը դարձնելով հնարավոր վայր, որտեղից կարելի է հարվածել Երևանին, որդի Ալիևը դիմում է չափազանց վտանգավոր և սադրիչ քայլի։ Նախիջևանից Հայաստանի նկատմամբ սպառնալիքը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ՝ հակամարտության մեջ ներքաշելով մի շարք երրորդ երկրների։ 

Հետևաբար, Հայաստանը պետք է բացառապես իր հույսը դնի հայկական զինուժի և դիվանագիտական ներուժի վրա։

Ընդհանրապես, հայ-ադրբեջանական, այդ թվում՝ Նախիջևանի ներգրավմամբ նոր հակամարտության դեպքում Հայաստանը չպետք է ակնկալի ՀԱՊԿ-ի իր դաշնակիցների աջակցությունը, քանի որ ՀԱՊԿ-ը ավելի շատ միտված է նրա անդամ-երկրների արտաքին սահմանների պաշտպանությանը, մինչդեռ այս դեպքում Ռուսաստանի տեսանկյունից խոսք չի գնում իր արտաքին սահմանի մասին։

Հետևաբար, Հայաստանը պետք է բացառապես իր հույսը դնի հայկական զինուժի և դիվանագիտական ներուժի վրա»։

 

Ստելլա Մեհրաբեկյան