«Դատավորը փորձում է մեզ լռեցնել»․ Ծռերի գործով փաստաբանները բոյկոտեցին նիստը

Երեքշաբաթյա դադարից հետո այսօր՝ օգոստոսի 23-ին, Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։ Ծռերի գործով անցնում է ավելի քան 60 մարդ։

Դատական նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի և երեք անգամ դիմել է դատավորին՝ այդ հիմքով իրեն հնարավորություն տալ չմասնակցել նիստերին։ Փաստաբանը միջնորդեց քննության առնել հարցը, սակայն դատավորը մերժեց, որից հետո Տիգրան Հայրապետյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Արտուշ Գաբրիելյանին։

Սիվիլնեթի հետ զրույցում Հայրապետյանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դիմել է իրավապահ մարմիններին՝ դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով, քանի որ, ըստ փաստաբանի, դատավորը մասնակից է դարձել Կարո Եղնուկյանի նկատմամբ «խոշտանգումների գործընթացին»։ Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալով՝ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Այսօրվա դատաքննության ընթացքում համապատասխան միջնորդությամբ հանդես եկավ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմինե Ֆանյանը։ Նա հիշեցրեց, որ այս գործով ամբաստանյալներից ոմանց փաստաբաններին դատավորը հեռացրել է գործի վարույթից և հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացրել, սակայն ամբաստանյալները դեմ են այդ որոշմանը։ Ըստ Ֆանյանի՝ առկա է իրավական խնդիր․ մի կողմից քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր նախապայման է համարում պաշտպանի ներգրավումը, մյուս կողմից Սահմանադրությունը սահմանում է, որ քրեական գործով յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել սեփական փաստաբանին։ Այսպիսով՝ փաստաբանը միջնորդեց ընդհատել դատաքննությունը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Դատավորը պատճառաբանեց, որ միջնորդությունը «ժամանակավրեպ է»։

Պավել Մանուկյանի փաստաբաններից Հարություն Բաղդասարյանի պնդմամբ՝ դատավորը «իրավիճակը լարում է և հակասական գործողություններ է անում»։

Պավել Մանուկյանի մյուս փաստաբանը՝ Ինեսսա Պետրոսյանը, հավելում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձում է «լռեցնել իրենց»։ Նրա խոսքով՝ դատավորը «հրահանգներ է ստանում իշխանություններից»։

Այսօր ամբաստանյալների փաստաբաննները որոշել էին համապատասխան հայտարարությամբ և միջնորդությամբ հանդես գալ։ Նիստի մեկնարկին փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ցանկանում է միջնորդություն անել, սակայն դատավորը թույլ չտվեց՝ նախազգուշացնելով, որ սանկցիա կկիրառի և հեռանալով որոշում կայացնելու։ Դահլիճ վերադառնալով՝ դատավորը հրապարակեց իր որոշումը՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքով դիմել փաստաբանների պալատի խորհրդին։ Դատավորի այս որոշումից հետո դատարանում ներկա փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը։ Լուսինե Սահակյանի խոսքով՝ նրանք միջնորդությամբ պետք է հանդես գային՝ պահանջելով, որ նիստին մասնակցեն բոլոր պաշտպանները, հակառակ դեպքում՝ իրենք չեն մասնակցի նիստերին։

Գևորգ Թոսունյան