Սոչիում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Օգոստոսի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: 

Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

«Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը։