Ֆրենսիս Ֆուկույամա․ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է պետության որակին

The Armenian Interest վերլուծական կայքը հարցազրույց է հրապարակել ամերիկացի հռչակավոր քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի հետ։ Հարցազրույցում Ֆուկույաման խոսում է գլոբալիզացիայի խնդիրների մասին, անդրադառնում Հայաստանի մարտահրավերներին։ Հարցազրույցից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։

– Ինչպե՞ս է գլոբալիզացիան անդրադառնում փոքր պետությունների վրա։ Արդյոք նրանք պատրա՞ստ են հեշտությամբ ընդունել գլոբալ կուլտուրան։ Արդյոք կարո՞ղ է ազգային ինքնությունը կորցնելու վախը բերել նրան, որ պետությունները «փակվեն» իրենց էթնիկական հանրույթների ներսում։

– Ես կարծում եմ, որ գլոբալիզացիայի պայմաններում փոքր երկրի տնտեսությունը չի կարող դառնալ ժամանակակից և հասնել հարստության, եթե ինտեգրված չէ գլոբալ համակարգին և շուկաներին։ Սակայն ռազմական ներուժը նույնպես մեծ նշանակություն ունի։ Երբ ձեր երկիրը գտնվում է այնպիսի մեծ և հզոր տերության կողքին, ինչպիսին Ռուսաստանն է, ձեր ընտրությունը միշտ էլ սահմանափակ է լինելու՝ անկախ նրանից, թե շփումների բազմազանեցման առումով ինչ հնարավորություններ են տալիս տեխնոլոգիաները։ Ուստի ես կարծում եմ, որ, անկասկած, գլոբալիզացիան ոչ ամեն ինչում, բայց ինչ-որ չափով ազդում է փոքր պետութունների դրության վրա։

– Բազմաթիվ փոքր ազգեր կան, որոնք ունեն մեծ սփյուռք, օրինակ՝ հայերը։ Մի կողմից սփյուռքի ներկայացուցիչները կոնկրետ երկրների քաղաքացիներ են, մյուս կողմից՝ հավատարիմ են իրենց էթնիկական ինքնությանը և ամուր կապեր են պահպանում ազգային պետությունների հետ։ Ձեր կարծիքով՝ սփյուռքը կարո՞ղ է (հատկապես արդիական և ժողովրդավար երկրներում) ազգային պետությունների համար դառնալ գլոբալիզացիայի հաղորդիչ։

– Ես կարծում եմ, որ սփյուռքը շատ կարևոր դեր է խաղում։ Շատ երկրներ կախված են դրսում ապրող և աշխատող իրենց քաղաքացիների եկամուտներից։ Եթե այդ մարդիկ վերադառնան, նրանց ավանդը ծագման երկրի համար բավական նշանակալից կլինի։ Նայեք, օրինակ, Էստոնիային։ Հետխորհրդային ժամանակաշրջանում շատ էստոնացիներ հեռացել էին ԱՄՆ կամ Արևմտյան Եվրոպա, այնտեղ կարիերա արել, հասել որոշակի արդյունքների, ստացել լավ կրթություն։ Հետո նրանք վերադարձան Էստոնիա, երբ այն կրկին ժողովրդավար հասարակություն դարձավ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ես համոզված եմ, որ նրա սփյուռքն իհարկե կարող է լինել մարդկային կապիտալի, ռեսուրսների և գիտելիքի կարևոր աղբյուր։

– Վերադառնալով մեծ տերություններին՝ որո՞նք են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության պատճառները։ Արդյոք այդ ճգնաժամը հաղթահարելու պլան կա՞։

– Գիտեք, ներկայիս ճգնաժամն աննախադեպ է։ Իհարկե, Ռուսաստանի գործողությունները, որը գրավել է Ղրիմը և պատերազմ սկսել Ուկրաինայի արևելքում, փչացրել են նրա հարաբերությունները Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի հետ։ Տարօրինակ է այն, որ թեև ընդհանուր առմամբ ամերիկյան կառավարությունն ընդունում է դա և Ռուսաստանի դեմ ձեռնարկել է պատժամիջոցներ (սովորական պրակտիկա միջազգային հարաբերություններում), ԱՄՆ նախագահը, կարծես, սիրում է Ռուսաստանը․ չէ՞ որ մինչ այս պահն ընդդիմանում էր այդ քաղաքականությանը։  Դոնալդ Թրամփի վարքագիծը ստիպում է մտածել, որ նա ավելի բարյացակամ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, քան ժողովրդավարական այլ երկրների նկատմամբ ամբողջ աշխարհում։ Դա բացարձակապես անսպասելի իրավիճակ է, երբ ԱՄՆ նախագահը պաշտպանում է Ամերիկայի ամենամեծ աշխարհաքաղաքական մրցակիցներից մեկին։ Ես դժվարանում եմ մեր պատմության մեջ մտաբերել որևէ այլ նման բան։ Ներկա փուլում և երկու երկրների միջև այդպիսի վատ հարաբերությունների պայմաններում ես կասեի, որ մենք կարիք ունենք երկխոսության և շփման այլ խողովակների։ Սակայն ես այժմ չեմ կարող վստահել Թրամփին։ Ցավոք, ես տեսնում եմ, որ մենք խրվել ենք թշնամական այդ հարաբերությունների մեջ։

– Արդյոք ռուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կազդի՞ Հայաստանի վրա, որը ռուսական ինտեգրացիոն նախագծի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Եթե այո, ապա ինչպես։

– Ակնհայտ է, որ Ռուսաստանի ընդհանուր դրությունը, որն ընդլայնվում է և փորձում է վերահսկողության տակ պահել իր մերձավոր արտասահմանը, չի կարող բարենպաստ լինել Հայաստանի համար։ Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը փորձել է այդ խնդիրը լուծել Ռուսաստանի հետ մերձենալով՝ պարզապես Արևմուտքի կողմը կանգնելու փոխարեն։ Այդ առումով ձեր երկիրն այնքան խոցելի չէ, որքան Վրաստանը։ Եթե Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր չլինի, Վրաստանը խնդիրներ կունենա։ Այդ առումով Հայաստանը մի քիչ ավելի լավ է պաշտպանված։ Մյուս կողմից, Հայաստանն ավելի քիչ անկախ է։ Դուք ընդունել եք ռուսական նախագծերն ու համակարգերը, և այժմ երկիրը հնարավորություն չունի Եվրոպայի հետ հարաբերություններն ընդլայնել այնպես, ինչպես Վրաստանը։

– Հայաստանը ձգտում է ժողովրդավարության և արդիականացման։ Ի՞նչ դեր կարող է դրանում ունենալ սփյուռքը։

– Ես կասեի, որ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է պետական ինստիտուտներին և պետության որակին։ Երկրի համար լուրջ վտանգ են ներկայացնում կոռուպցիան և հովանավորչությունը։ Ավելին, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները բոլորովին չեն օգնում լուծել այդ հարցրեը, քանի որ նրանց մոտ այնտեղ բացարձակապես նույն համակարգն է։ Ես կարծում եմ, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարող են կարևորագույն դեր ունենալ՝ ձեր երկիր բերելով այլընտրանքային արժեքներ, գաղափարներ և փորձ, ինչն անկասկած թույլ կտա հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը։

***

Կարդացե՛ք նաև

Զարգացման միակ ճանապարհը ներքևից վերև է․ Տարոն Աճեմօղլու

Սփյուռքը պետք է հասկանա իր դերը, երբ Հայաստանի ռեժիմին լեգիտիմություն է հաղորդում․ Տարոն Աճեմօղլու