ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը՝ Էնդրյու Շեֆեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Էնդրյու Շեֆերն է․ այս մասին, ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում հայտարարել է ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ Նա ասել է, որ օգոստոսի 28-ին նա ավարտում է իր աշխատանքը։

«Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»,- նշել է Հոգլանդը՝ Շեֆերին բնութագրելով որպես «շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ»։

Հոգլանդի խոսքով՝ նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը և պատրաստ է ստանձնել պարտականությունները։

Ռիչարդ Հոգլանդը նույն հանդիպման ընթացքում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերը։

***

Այս տարվա մայիսի 10-ին ելույթ ունենալով Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնում՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» (The International Politics of the Armenian-Azerbaijani Conflict) խորագրով քննարկմանը, Հոգլանդը շեշտել էր, որ ինքը ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահն է և խոսում է միայն ԱՄՆ-ի, այլ ոչ թե Մինսկի խմբի մյուս համանախագահների անունից։ Հոգլանդը հայտարարել էր, համապարփակ կարգավորումը ուրվագծված է, սակայն ոչ հաճախ տեղի ունեցող բանակցություններն ու հանդիպումները որպես այդպիսին բավարար չեն տևական խաղաղության հասնելու համար։ Հոգլանդը կարծիք էր հայտնել, որ կողմերը պետք է հրաժարվեն թշնամական հռետորաբանությունից և իրենց ժողովուրդներին նախապատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության՝ «դիտարկելով անգամ միակողմանի քայլեր»։

Մեկնաբանել