Նախագահականում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցություններ

2017թ․ օգոստոսի 23-24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը ՀՀ։ 

Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր։

Թուրքմենստանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների առաջ արած իր հայտարարությունում Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում իր կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

«Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը։