Turan-ի տնօրենը ձերբակալվել է, գործակալությունը փակման եզրին է

Turan ադրբեջանական անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը ձերբակալվել է։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Ադրբեջանի Հարկային հանցագործությունների վարչությունում Ալիևին առաջադրվել են մեղադրանքներ հարկերի վճարումից խուսափում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ապօրինի ձեռնարկատիրություն՝ խոշոր եկամտի ստացմամբ հոդվածներով։

Turan-ի տնօրենը տեղափոխվել է Յասամալի շրջանային դատարան խափանման միջոցի սահմանման նպատակով։

Տնօրենի ձերբակալությունից հետո գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է՝ նման իրավիճակում գործակալության բնականոն գործունեությունը դառնում է չափազանց դժվար, ինչի առթիվ աշխատակազմը որոշում է կայացրել սեպտեմբերի 1-ից աշխատանքը անորոշ ժամկետով դադարեցնելու վերաբերյալ։

«Առաջիկայում փորձելու ենք պահել մեր կայքի աշխատանքը անձնական միջոցների և խանդավառության հաշվին։ Լուրերի թողարկումը սահմանափակ կլինի։ Որքան ժամանակ այդ ամենը կբավարարի՝ ցույց կտա ժամանակը։

Շնորհակալություն բոլորին, ովքեր որոշել են սատարել Մեհման Ալիևին այս դժվարին պահին»,- ասված է հայտարարությունում։

Ադրբեջանցի և միջազգային իրավապաշտպաններն արձագանքել են երկրի եզակի անկախ լրատվականներից մեկի տնօրենի ձերբակալությանը՝ պահանջելով նրան ազատ արձակել։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովի՝ Ադրբեջանի գծով համազեկուցող Շտեֆան Շենախը Թվիթերում արած իր գրառման մեջ կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալիևին՝ Turan «անկախ լրատվական գործակալության հիմնադրին»։

Тuran գործակալության դեմ սկսված հետապնդումների մասին ավելին՝ Ադրբեջանի վերջին անկախ լրատվական գործակալությունը՝ փակման սպառնալիքի տակ։

Մեկնաբանել