«Ես ֆրանսիացի եմ և հայ, անհնար է տարանջատել այդ երկուսը»․ Հոլիվուդում բացվեց Ազնավուրի աստղը

Օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ շանսոնյեն հանդես է եկել ելույթով։

«Ես ֆրանսիացի եմ և հայ․ այդ երկուսը տարանջատելը անհնար է, ճիշտ այնպես, ինչպես սուրճի մեջ կաթ ավելացնելուց հետո փորձել բաժանել դրանք․․․ Հրաշալի է ունենալ երկու տարբեր մշակույթներ, որոնք աշխատում են քո համար, երբ ցանկանում ես որևէ բան անել։ Եվ ես հենց դա եմ արել»,- ասել է Ազնավուրը։

93-ամյա շանսոնյեի խոսքով՝ ֆրանսերենն իր աշխատանքային լեզուն է, սակայն ընտանեկան լեզուն մշտապես հայերենն է։ 

«Այսօրվանից սկսած ես կարող եմ լինել մեկը, ով կարող է ասել, որ մի փոքր էլ կալիֆոռնիացի է․ այստեղ են դուստրս ու թոռներս»,- նշել է Ազնավուրը։