Տխուր օր Ադրբեջանում մամուլի ազատության պատմության համար․ Արզու Գեյբուլլան՝ ՍիվիլՆեթին

Սա տխուր օր է Ադրբեջանում մամուլի ազատության պատմության համար․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ադրբեջանցի անկախ լրագրող, սյունակագիր Արզու Գեյբուլլան Turan ադրբեջանական անկախ գործակալության հնարավոր փակումից հետո Ադրբեջանում մամուլի ազատության հարցը։

«Իրականում սա խայտառակություն է, քանի որ Turan լրատվական գործակալությունը հայտնի է Ադրբեջանում իր հեղինակությամբ։ Նրանք անկողմնակալ են, անաչառ, մշտապես Ադրբեջանի լրատվական դաշտի բարձունքում։ Պարբերականին առաջադրված՝ հարկերից խուսափելու մեղադրանքը շինծու է, իսկ գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությունը իշխանությունների ավտորիտար քաղաքականության ևս մեկ վկայություն, ուրիշ ոչինչ։

Ներկայում Ադրբեջանում ազատազրկված է 10 լրագրող և սյունակագիր և ամենավերջին տվյալներով՝ Ադրբեջանում կա 158 քաղաքական բանտարկյալ։

Մենք չենք կարող խոսել որևէ առաջընթացից նման պայմաններում։ Ադրբեջանի ղեկավարությունը ձախողել է ժողովրդին տված բոլոր խոստումների իրականացման հարցում, այդ թվում՝ ժողովրդավարության, զսպումների ու հակակշիռների համակարգի հաստատման հարցում, որը կկանխեր նման որոշումների ընդունումը»,- ասաց Գեյբուլլան։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել