Քաղաքապետարանը խոստովանում է՝ արգելված վայրում կարմիր գծանշումներ արվել են

Այն վայրերում, որտեղ կանգառն ու կայանումը արգելված են, կարմիր գծանշումների (այսինքն՝ վճարովի ավտոկայանատեղերի) դեպքեր եղել են։ Այս փաստը հաստատում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ դրանք «կրել են եզակի բնույթ»։

Ավելի վաղ խնդրին անդրադարձել էինք՝ պարզելով, որ բազմաթիվ վարորդներ տուգանվել են վճարովի ավտոկայանատեղերում կանգառ կամ կայանում կատարելու համար, քանի որ գծանշումները իրականացվել են արգելված վայրում։

Քաղաքապետարանից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նշել են, թե «վճարովի ավտոկայանատեղերի գծանշումների համապատասխանությունը ստուգելու և անհրաժեշտության դեպքում շտկումներ կատարելու համար սեղմ ժամկետում կայանատեղերի կահավորանքի գույքագրում իրականացնելու վերաբերյալ համապատասխան հանձնարարական է տրվել վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, կահավորման և շահագործման գործառույթներն իրականացնող՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի ղեկավարությանը»:

Իսկ կարմիր գծերում կայանելու համար վարորդներին տուգանելը պատճառաբանվում է հետևյալ կերպ․ «Նման դեպքերը պայմանավորված են եղել հանգամանքով, որ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման և երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղադրման գործառույթներն իրա­կա­նացվում են երկու տարբեր մարմինների կողմից: Երթևեկության կազ­մա­կերպ­ման սխեմայի փոփոխությունների արդյունքում (օրինակ՝ գործող վճարովի ավտոկայանատեղի գծանշված տարածքի հատվածում կանգառն ու կայանումը արգելող նշանի տեղադրում կամ տաքսիների կայանատեղի կահավորում և այլն) կարմիր գույնի գծանշումները սև գույնի ներ­կան­յութով պատելուց հետո, տարբեր պատճառներով (ձյուն, անձրև, մեքենաների անիվների շփում և այլն), դրա մասնակի ջնջվելու հետևանքով կարմիր գծանշումները կրկին տեսանելի են դարձել, առաջացնելով հակասություն։ Այդպիսի դեպքերին տրվել են արագ լուծումներ և նման վայրերում կրկին սև գույնի ներկանյութով ծածկվել են նախկինում վճարովի ավտոկայանատեղ համարվող տարածքը նշող կարմիր գույնի գծանշումները։ Ներկայում այդ փոփոխությունները մեծամասամբ իրականացվում են ոչ թե սև գույնի ներկանյութով, այլ հատուկ սարքի միջոցով ասֆալտի գծանշված շերտը տաշելու միջոցով»։

Տվյալ հարցով Սիվիլնեթը դիմել է նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանություն, սակայն պատասխան դեռ չի ստացել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել