Անահիտ Բախշյանը կողմ է դպրոցներում հակակոռուպիցոն աուդիտի ներդրմանը

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը դպրոցներում դրամահավաք հասկացությունը բաժանում է երկու մասի։ Նրա խոսքով՝ նման մոտեցում պետք է որդեգրեն նաև պետության ղեկավարները։ ԿԳ նախարարի պաշտոնում Լևոն Մկրտչյանի նշանակումից հետո դպրոցներում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Անահիտ Բախշյանը որևէ փոփոխություն չի տեսնում։

«Քանի դեռ Լևոն Մկրտչյանը, քաղաքապետը, վարչապետը, ՀՀ նախագահը, թե որևէ պաշտոնյա դրամահավաք բառի բացատրությունը չեն տվել, թե ինչ նկատի ունեն դրա տակ, ուրեմն երկնքից Աստված էլ իջնի՝ այդ երևույթը չի վերանա։ Դրամահավաքը անպատվաբեր գործողություն է»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ դրամահավաքի տակ ինքը հասկանում է երեխաների դասագրքերի գումարը, թատրոն, համերգ, զբոսայգի տանելու համար նախատեսվող գումարը։

«Հասկանում եմ՝ որևէ միջոցառում իրականացնելու համար առանց ծնողական ներդրման հնարավոր չէ։ Սրանց մեջ կա պատվաբեր բան։ Պետք է առանձնացնեն՝ կաշառք տալը անպատվաբեր է, պետք է այդ մասին ասեն»,- նշեց Բախշյանը։

Ինչ վերաբերում է դրամահավաքի «անպատվաբեր» մասին, ապա ԿԳ նախարարի պաշտոնում Լևոն Մկրտչյանի նշանակումից հետո այս ուղղությամբ Անահիտ Բախշյանը որևէ փոփոխություն չի տեսնում։

«Այդ անպատվաբեր մասը ծաղկում է, խորանում է։ Ես մի դպրոցի մասին ֆեյսբուքով նամակ եմ ստացել․ ուսուցիչները գրում են, թե դպրոցի տնօրենին ոնց որ թե ազատել են աշխատանքից, քանի որ քրեական գործ կա, կամ էլ այլ բան, չգիտեմ»,- ասաց Բախշյանը։ Նրա պնդմամբ՝ իշխանությունը նման երևույթը պետք է «անարգանքի սյունին դնի», անունով-ազգանունով, դպրոցի համարով մատնանշի, սակայն այդ ամենը «քողարկվում, ծածկվում է»։

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամը կողմ է, որ դպրոցներում ներդրվի հակակոռուպիցոն աուդիտ, իսկ դպրոցի ֆինանսական հոսքերը մանրակրկիտ վերահսկվեն ու դառնան թափանցիկ։

Գևորգ Թոսունյան