Հրդեհ՝ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացվող)

Օգոստոսի 28-ին հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի տարածքում։ Դեպքի շուրջ զարգացումները ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

 

ՕԳՈՍՏՈՍԻ 29

ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն՝ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: 

ՕԳՈՍՏՈՍԻ 28

17։13

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այրվող նյութը առողջության համար վնաս չի ներկայացնում, սակայն հորդորում է հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները; նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։

14:42

Բնակչությանը վտանգ չի սպառնում. «Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. ԱԻՆ

Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել են երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

15:15

ԱԻՆ․ Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ-ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիժակների մոնիտորինգի խումբը:

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը:

14։27

ՍիվիլՆեթի լրագրողը դեպքի վայրից տեղեկացնում է, որ գործարանի տարածքից դուրս է եկել շտապօգնության, «Սանիտեկ» ընկերության և հրշեջ մեքենաներ։ Մարտական հաշվարկների թիվը այս պահին, ըստ ԱԻՆ-ի, 12-ն է։

14:21

ԱԻՆ․ Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

14:09

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

13։56

ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:

13։32

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում, հաղորդում է ԱԻՆ կայքը։ Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ: