Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով մեր ամբողջ ժողովրդին ուրախության և հպարտության պահեր պարգևելու, բարձր տրամադրություն հաղորդելու, ինչպես նաև մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար:

Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար: