Պետքարտուղարությունը հայտարարեց ամերիկացի նոր համանախագահի նշանակման մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի պաշտոնում Էնդրյու Շեֆերի նշանակման մասին։ Թվարկելով նախկինում նրա զբաղեցրած պաշտոնները ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ Կիպրոսում, Քուվեյթում, Բահրեյնում, Ռուսաստանում, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը շեշտում է նոր միջնորդի մեծ փորձառությունը։

«ԱՄՆ-ը շարունակում է հանձնառու մնալ Մինսկի գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև ու խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին առաջկցությանը։ Ինչպես նշվել է հունիսի 19-ի և հուլիսի 6-ի հայտարարություններում, Միացյալ Նահանգները աջակցում է արդար կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, այդ թվում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա։ Էնդրյու Շեֆերն ակնկալում է օգնել կողմերին հասնել այդ նպատակին»,- հայտարարել է Պետքարտուղարությունը՝ հավելելով, որ Շեֆերի նշանակման մասին ծանուցվել են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները։ Նա անմիջապես կստանձնի իր պաշտոնը։

Ավելի վաղ Էնդրյու Շեֆերի նշանակման մասին հայտարարել էր ամերիկացի ժամանակավոր միջնորդ Ռիչարդ Հոգլանդը։