Սերժ Սարգսյանն ասում է՝ ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը «չստորագրելու պատճառ չունենք»

ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրելու որևէ պատճառ չունենք․ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Բայց մի քիչ ավելի ընդլայնեմ և ասեմ, որ որոշ լրատվամիջոցների և հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը 2013թ․ մեր որոշումը՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալը, ներկայացնել որպես մի գիշերվա մեջ կայացրած որոշում, ուղղակի ծիծաղելի են։ Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության, և Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարում։ Բայց երբ Եվրամիությունն ասեց՝ խանգարում է․․․, այսինքն մենք ի՞նչ պիտի անեինք»,- ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ կրկին «Բազե» ամենամյա հավաքի ժամանակ ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2013թ․ սեպտեմբերի սցենարը կրկնվի, և Հայաստանը Եվրամիության հետ չստորագրի նոր համաձայնագիրը, վարչապետը պատասխանել է. «Մենք գնում ենք ստորագրման։ Հնարավո՞ր է, որ զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի, այս պահին չեմ տեսնում, բայց դա մի պրոցես է, որը բանակցություններ են, այդ իսկ պատճառով հաստատակամ գնո՞ւմ ենք, թե՞՝ չէ, շատ հաստատակամ գնում ենք»։

***
2017թ․ մարտի 21-ին Երևանում՝ արտաքին գործերի նախարարությունում, կայացած արարողությանը Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը և Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նախաստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նոր շրջանակային համաձայնագիրն ամենայն հավանականությամբ կստորագրվի նոյեմբերին։ Ավելի վաղ ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցում էր մեկ այլ՝ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ։ 2013թ․ սեպտեմբերին, սակայն, մոտ երեք տարվա բանակցություններից հետո շատերի համար անսպասելիորեն նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությունը։

Կարդացեք նաև՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր․ ինչ սպասել այս անգամ՝ Eurasianet-ի անդրադարձում։

Մեկնաբանել