Սերժ Սարգսյանի «անհիմնն ու պարզապես ծիծաղելին»

«Բազե»-ականների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստան-
Եվրոպական Միություն և Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններին, ասել է. «Որոշ՝
հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը
միանալու՝ Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և
պարզապես ծիծաղելի: Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ,
որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝
խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»:

Դեռ 2011-ին, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի կարող Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության իրավանախորդ) մաս կազմել:

2011-ի մարտի 16-ին Բրյուսելում վարչապետ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե հնարավոր է Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ասել է.
«Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել։ Դա նշանակում է, որ Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան Մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել, եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։ Կարծում եմ, որ իրատեսական սցենարն այն է, որ փորձում ենք գնալ եվրաինտեգրման ճանապարհով և մեր քաղաքական նպատակն այսօր այն է, որ լիահույս ենք` դառնալու ենք համապարփակ և խորը ազատ առևտրի համաձայնագրի լիիրավ անդամ»։

2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն
մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային՝ հետագայում՝
Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարեց. «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ
պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»:

2013-ի սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթ էր ստորագրում և ասում. «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել
Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»:

Հետագայում Սերժ Սարգսյանը անուղղակի խոստովանեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում, կայացրել է Վլադիմիր Պուտինը:

2014-ի սեպտեմբերի 23-ի համարում «Առավոտ» թերթը հրապարակեց նույն տարվա հունվարին Սերժ Սարգսյանի
Չեխիա կատարած այցի մի հրապարակում այն մասին, թե ինչպես է նախագահը Պրահայում Հայաստանի դեսպանատանը պատասխանում տեղի հայերի հարցերին: Հարցուպատասխանը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը: Երբ Բագրատ Առաքելյանը հարցրել է, թե Մաքսային միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը և հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:

Երեքուկես տարի առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, թե չէր կարող մի գիշերում հայ ժողովրդի կարծիքը հարցնել, իսկ
այսօր «Բազե»-ականներին ասում է, թե «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու պնդումները «անհիմն
են և պարզապես ծիծաղելի»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանը կամ նրա աշխատակազմը մոլորեցնում են հանրությանը:

2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն
Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոստովանել էր, որ ըստ 2011-ի Կազանի փաստաթղթի՝ «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջանները: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:

Հարցազրույցի օրերին իշխանական լրատվամիջոցները, փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը ուղղակի լռության մատնեցին Սերժ Սարգսյանի՝ հարցազրույցի այն հատվածը, համաձայն որի Կազանում հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել հեռանալ, Սարգսյանի բառերով՝ «գրավյալ 7 ադրբեջանական շրջաններ»-ից: Որոշ ժամանակ անց Բաղրամյան 26-ը նախագահական կայքում խեղաթյուրված ներկայացրեց այդ հարցազրույցի սղագրված տարբերակը՝ Սերժ Սարգսյանի «7 ադրբեջանական շրջաններից» 7-ը դուրս թողնելով: Աղմկահարույց այդ հարցազրույցի սղագրությունը նախագահականի կայքում դրված է հայերեն և ռուսերեն լեզուներով, և երկու տարբերակներում էլ 7 թիվը հանված է, ինչը նշանակում է, որ հատուկ հրահանգով է այդ թիվը հանվել: