ԱԹՍ արտադրող իսրայելական Aeronautics-ի և Ադրբեջանի միջև գործարքը ժամանակավորապես կասեցվել է

Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ արտահանման վերահսկողության վարչությունը ժամանակավորապես արգելափակել է Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի մատակարարման՝ 20 մլն դոլարի գործարքը կարևոր գործընկերոջ հետ։ 

Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ․։ 

Ինչպես հաղորդում է NEWSru.co.il իսրայելական կայքը, վկայակոչելով Bizportal-ը, 2016թ․ տվյալ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամուտների 20 տոկոսը, 2015թ․՝ 18 տոկոսը։

Ընկերությունը չի մատնանշում հաճախորդին, միևնույն ժամանակ, խոսք է գնում Moody՛s վարկանիշային գործակալության վարկածով Ba վարկային վարկանիշով երկրի մասին, որի հետ Իսրայելն ունի սերտ տնտեսական կապեր։ Ավելին, այդ երկրում կա գործարան, որն արտադրում է անօդաչու սարքերի պահեստամասեր։

Նշվում է, որ Aeronautics-ի հաճախորդների թվում միայն երկու երկիր՝ Սերբիան և Ադրբեջանը, ունեն Ba վարկանիշ, և միայն Ադրբեջանում կա Aeronautics-ի գործարան։ Այդուհանդերձ, Ադրբեջանն ուղղակիորեն չի մատնանշվում կոմյունիկեում։

Թեմայի շուրջ ավելին՝ Իսրայելում կպարզեն, թե արդյոք իսրայելական ընկերությունն իր անօդաչու սարքերը փորձարկել է հայկական դիրքերի վրա։