Աշխարհում ռուսախոսների թիվը 25 տարում կրճատվել է 50 միլիոնով․ ՌԴ պաշտոնյա

Վերջին 25 տարում ռուսերենին տիրապետող մարդկանց թիվն աշխարհում կրճատվել է 50 մլն-ով․ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։

«Խորհրդային Միության փլուզումից ի վեր մենք կորցրել ենք 50 մլն ռուսախոս։ Այդ միտումը շարունակվում է, քանի որ Խորհրդային Միությունում, հաշվեք, բոլորը ռուսախոս էին։ Ուրեմն ավագ սերունդները 25 տարում հեռացել են։ Նրանք համատարած ռուսախոս էին։ Եկել են նոր սերունդները, որոնք հեռու են համատարած ռուսախոս լինելուց»,- ասել է Նիկոնովը։

Ռուսերեն խոսացողների նշանակալի կորուստը, նրա խոսքով, պայմանավորված է հանգամանքով, որ նախկին ԽՍՀՄ բազմաթիվ երկրների դպրոցներում, հատկապես, Արևելյան Եվրոպայում, ռուսերենը դպրոցներում եղել է պարտադիր։

Նիկոնովը հստակեցրել է, որ տարբեր հաշվարկներով ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում ռուսախոսների թիվը հասնում էր 350 մլն-ի, իսկ ներկայում՝ 300 մլն-ից քիչ։

«Դա անդառնալի է, քանի որ ռուսերենը պահպանվում է այնտեղ, որտեղ կրթական համակարգի մաս է կազմում։ Այսինքն եթե դասավանդվում է դպրոցներում։ Մենք կարող ենք ուսուցիչներ ուղարկել, սակայն ամեն տեղ չես կարող նրանց ուղարկել․ որոշ երկրներում ռուսերենն ընդհանրապես բացակայում է կրթական համակարգից, գնում է որպես երկրորդ կամ երրորդ օտար լեզու»,- Interfax գործակալությունը մեջբերում է ռուսաստանցի պաշտոնյային։

Մեկնաբանել