Վրաստանը փակում է գյուլենական դպրոցները

Վրաստանի կրթության նախարարությանը կից գործող՝ Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնը, որը հետևում է կրթական ինստիտուտների՝ երկրի օրենսդրությանը համապատասխանությանը, որոշել է փակել Թբիլիսիի Դեմիրելի մասնավոր քոլեջը, որը կառավարում է գյուլենական շարժման հետ առնչություն ունեցող Չագլար լուսավորչական ցանցը։

Վերոնշյալ կենտրոնի արտոնագրման խորհուրդը օգոստոսի 29-ի հավաքին որոշել է չթարմացնել դպրոցին հատկացված արտոնագիրը՝ վկայակոչելով ուսուցիչների ու ուսանողների գրանցման, ինչպես նաև դպրոցի ենթակառուցվածքների ու կահավորանքի հետ կապված խնդիրները։

Կենտրոնի անդամներից Ռևազ Ափխազավան ասել է, որ դպրոցն ուներ «բազմաթիվ խնդիրներ», և դրա փակումը «քաղաքականության հետ որևէ կապ չունի»։

«Քոլեջն ընդունում էր Թուրքիայի քաղաքացի ուսանողների՝ խախտելով Վրաստանի օրենսդրությունը»,- ասել է Ափխազավան։

Հարցի շուրջ մեկնաբանություն է տվել նաև Վրաստանի կրթության նախարարությունը։

Civil.ge կայքին գերատեսչության հանրային կապերի վարչության ղեկավար Նաթա Ասաթիանին ասել է, որ քոլեջը «խախտումներ էր թույլ տվել», և ԿԳՆ-ն կօգնի ուսանողների ու ուսուցիչների՝ այլ դպրոցներ տեղափոխմանը։

Կայքը նկատում է, որ Դեմիրելի մասնավոր քոլեջը գյուլենական շարժման հետ կապ ունեցող երկրորդ կրթական հաստատությունն է, որը փակվում է կրթության նախարարության կողմից։

Ավելի վաղ արտոնագիր չէր տրվել Բաթումիում գործող նման դպրոցի։ Դեմիրելի մասնավոր քոլեջը հիմնադրվել էր 1993թ․՝ ի կատարումն Վրաստանի և Թուրքիայի նախկին նախագահներ Էդուարդ Շեվարդնաձեի և Սուլեյման Դեմիրելի միջև համաձայնության։

***

Դեմիրելի անվան քոլեջը, ինչպես նաև Վրաստանում գործող Չագլար լուսավորչական ցանցի մի քանի կրթական հաստատություններ կապված են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ, որը մեղադրվում է Թուրքիայում 2016թ․ հուլիսի 15-ին զինված հեղաշրջման փորձի համար: Թուրքիայի կառավարությունը Գյուլենի բացած դպրոցներն օրենքից դուրս է հայտարարել՝ նշելով, որ այնտեղ «զբաղվում են ահաբեկիչներ պատրաստելով»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով թուրք դիվանագետներն աշխարհով մեկ կոչ են արել կառավարություններին փակել գյուլենական դպրոցները։

Թուրքիայի պահանջը կատարողներից առաջինը Ադրբեջանն էր։

Ավելին՝ Ադրբեջանական SOCAR-ի ու Էրդողանի ընտանիքի գաղտնի գործարքները. հետաքննական բացահայտումներ։

Մեկնաբանել