Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարությունը որոշել է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017թ. սեպտեմբերի 6-ից:

Որոշմամբ թույլ կտրվի Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով: Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, և առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:

Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար:

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ սա արդեն վեցերորդ երկիրն է, որի հետ այս տարվա ընթացքում առանց մուտքի վիզայի ռեժիմ է սահմանվել։