«Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը»․ ցույց Թբիլիսիում

Թբիլիսիում տեղի է ունեցել հակահայկական ցույց։

«Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը» կարգախոսով օգոստոսի 31-ին «Վրաց ազգայնական մշակույթ» կազմակերպությունը Թբիլիսիում` Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում ցույց է անցկացրել ընդդեմ վրաց-հայկական սահմանազատման (դեմարկացիայի), որի արդյունքում, ըստ ցուցարարների, վրացական տարածքներ են անցնելու Հայաստանին, հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը։

Ցույցի կազմակերպիչներից Գիորգի Ճելիձեն հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը շարունակաբար հարևան երկրներին է հանձնում Վրաստանի տարածքները․ «Այժմ հերթը հասել է Խուճապի վանքին և նրա հարակից անտառին: Մենք արտգործնախարարությունից պատասխան ենք ստացել, որ այո՛, իրականում սահմանազատման գործընթաց է ընթանում, ըստ որի՝ Խուճապի վանքն ու նրան հարակից տարածքները մտնում են Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: Դա ոչ միայն ամբողջությամբ սուտ է, այլև դավաճանություն: Այլ կերպ չի կարելի կոչել այն, որ մեր կառավարությունը որոշումներ է ընդունում՝ հենվելով Խորհրդային Միության գծած քարտեզի վրա, այն երկրի, որն օկուպացրել է մեր երկրի տարածքը»:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Ճելիձեն ասել է, որ իրենց ցույցը նախազգուշական էր․ «Մեր նպատակն էր կառավարությանը զգուշացնել, որ նման քայլի չդիմի և չշարունակի սկսած քաղաքականությունը»:

Շուրջ 15 րոպե տևած ցույցին մասնակցել է 25-30 հոգի։ Ցույցը, ըստ «Ալիք Մեդիայի», վրացալեզու որևէ լրատվամիջոց չէր լուսաբանում: