ՌԴ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԵԱՀԿ մշտադիտարկման ժամանակ Ադրբեջանի կողմից կրակ բացելը

Փորձագետները պետք է ասեն իրենց խոսքը՝ տեղում ուսումնասիրելով հանգամանքները․ երեկ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ԵԱՀԿ մշտադիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից Տավուշի ուղղությամբ կրակ բացելը՝ ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հարցին, թե մտադիր չէ՞ արդյոք ռուսաստանյան կողմը նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում՝ գագաթաժողովի կազմակերպումն արագացնելու նպատակով, Զախարովան պատասխանել է․ «Ես ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին տեղեկատվություն չունեմ։ Եթե նման հանդիպում անցկացնելու կարիք լինի, այդ մասին տեղեկատվություն կտարածվի»։

Զախարովային հարցրել են նաև այն մասին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, նախաձեռնի Լեռնային Ղարաբաղի de facto վերադարձը բանակցային գործընթաց, որպեսզի ապահովվեն Բաքվի կողմից բարձրաձայնվող «առարկայական բանակցությունները»։

Խոսնակը վկայակոչել է Ռուսաստանի ավանդական դիրքորոշումը այդ հարցում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խոսել է նաև ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի արած հայտարարության մասին՝ ասելով, որ այն նոր չէ։

Մեկնաբանել