Եթե հավասար անվտանգությունն իրավական ուժ ունենար, ԼՂ հակամարտությունը չէր լինի․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվը հայտարարել է, որ եթե անբաժանելի և հավասար անվտանգության գաղափարն ընդուներ իրավականորեն պարտադիր բնույթ, բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարգավորված կլինեին։

Ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների ու դասախոսների առաջ՝ Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանը «կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «պատասխանատու երկիր է, որը հանձնառու է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում»։

«Այդ հռչակագրերում ձևակերպված է կողմերի ցանկությունը՝ եվրատլանտյան և եվրասիական տարածքներում ձևավորել հավասար անվտանգության տարածք, ինչպես նաև հավաստիացում, որ մեզնից ոչ ոք իր անվտանգությունը չի ամրապնդելու մյուսների անվտանգության հաշվին»,- ասել է Լավրովը։ 

Նա ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերը «մնացել են թղթի վրա», և դրանց իրավական ուժ տալու Ռուսաստանի «փորձերը մերժվել են արևմտյան գործընկերների կողմից»։

«Ես վստահ եմ՝ եթե հավասար և անբաժանելի անվտանգությունն ընդուներ իրավականորեն պարտադիր ձև, բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունները, վաղուց կարգավորված կլինեին, իսկ ուկրաինականը ընդհանրապես չէր ծագի»,- նշել է դիվանագետը։