Հայաստանի կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց Երևանի կենտրոնում կառուցապատման ներդրումային մի ծրագրի։ Ըստ ծրագրի՝ Բուզանդի և Ամիրյան փողոցների հատվածում կառուցվելու է թատրոնի նոր շենք, ինչպես նաև բազմաբնակարան երկու այլ շենք։ Մինչև 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնելու է Երևանում գրանցված «Ջի էմ Դեվելոփեր» ընկերությունը։ Ընկերության հիմնադիրը Մամիկոն Գինոսյանն է, որը բազմաթիվ ու բազմապրոֆիլ ընկերությունների բաժնետեր ու հիմնադիր է։ Գինոսյանը նաև ռուսական խոշոր՝ «Իտերա» ընկերության ռազմավարական զարգացման վարչության պետն է։
Ներդրումային այս ծրագիրն իրականացնելու է արմատներով Գյումրիից, ԱՄՆ-ում բնակվող, Մեծ Բրիտանիայում երկու ընկերությունների 100 տոկոսանոց բաժնետեր Մամիկոն Գինոսյանը։ Գինոսյանը 20 տարի առաջ «Շիրակինվեստբանկ» ընկերության բաժնետերերից էր, ապա եղել է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Իտերա»-ի ռազմավարական զարգացման վարչության պետը։ Այժմ զբաղվում է նավթի ու գազի արդյունահանմամբ։
Ինչ է կառուցվելու Ամիրյան-Բուզանդի փողոցների հատվածում
Շինարարական ներդրումային ծրագիրն իրականացնելու է «Ջի էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը, ըստ կառավարությանը ներկայացված հիմնավորումների, Բուզանդի 103-105 հասցեներում շարունակելու է մի շենքի կառուցում, որը արդեն մի քանի տարի է՝ կիսատ է թողնված։ Կիսատ է թողնված, քանի որ շինաշխատանքներն իրականացնող նախորդ կազմակերպությունը՝ «Լիդեր մոբիլն» այժմ սնանկ է։ «Լիդեր մոբիլը» Բուզանդի 103,105,107 հասցեներում բնակվող 21 քաղաքացիների հետ պայմանագիր էր կնքել, որոնցով վերջիններս հանձնել էին իրենց տարածքն այդ ընկերությանը։ Ընկերությունը խոստացել էր բնակիչներին տրամադրել նոր բնակարաններ կամ համարժեք գումար։ Քաղաքացիների բնակարանները, որոնց ընդհանուր գինը ավելի քան 380 միլիոն դրամ էր, ընկերությունը գրավադրել է «Կոնվերսբանկում»։ Գրավադրման արդյունքում ստացված գումարը ընկերությունը ծախսել է ոչ թե բնակարանների կառուցման կամ փոխհատուցման, այլ սեփական հայեցողությամբ ու անձնական նպատակներով։ Դրա հետևանքով «Լիդեր մոբիլիի» հետ պայմանագիր ստորագրած քաղաքացիները հայտնվել էին դրսում ու սկսել բողոքի ցույցեր։
Հարուցվել էր քրեական գործ խարդախության հատկանիշներով։ Կալանավորվել էին ընկերության տնօրեն Տիգրան Մուշեղյանն ու նրա ընկերը՝ Ռադիկ Եսայանը։ Նրանք 2014թ․ ազատ արձակվեցին։ «Լիդեր մոբիլը» ճանաչվեց սնանկ, և բազմաբնակարան շենքի կառուցումը կանգ առավ։
Այժմ անավարտ մնացած շենքի կառուցումը կատարելու է «Ջի էմ դեվելոփեր» ընկերությունը և, ըստ կառավարության ներկայացրած փաստաթղթերի, ծրագրի առաջին փուլում ծախսվելու է մոտ 5 միլիոն դոլար։ «Ջի էմ դեվելոփերը» ծրագրում է երկարաժամկետ առևտրային վարկ ներգրավել «Հայբիզնեսբանկից»։ Նախատեսվում է, որ կառուցվելիք շենքն ունենալու է 82 բնակարան, գնումների մրցույթներն անցկացվելու են փակ կարգով, բազմաբնակարան շենքի 1 քառակուսի մետրն արժենալու է 1100-1400 դոլար, ավտոկայանատեղը՝ 15.000 դոլար։ Նոր թատրոնի շինարարությունն արժենալու է 750.000 դոլար։
ՍիվիլՆեթը թեմայի շուրջ զրուցել է Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանի հետ։ Սարգսյանն ասում է, որ ընդհանուր առմամբ ընկերության ներդրումները կարող են կազմել մինչև 15 միլիոն դոլար։ «Ջի էմ Դեվելոփերը» նաև իր վրա է վերցրել սնանկացած նախորդ ընկերության պարտավորությունները խաբված բնակիչների մասով։
«Ջի էմ Դեվելոփեր» ընկերությունը հիմնվել է 2016թ․ հուլիսի 27-ին։ Ընկերության հիմնադիրն ու 100 տոկոսանոց բաժնետերը Մամիկոն Գինոսյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 50.000 դրամ է, տնօրենը Վահե Հարությունյանն է։
«Ջի էմ Դեվելոփերի» իրավաբանական ու գործունեության հասցեն նույն տեղում է՝ Երևան, Տպագրիչների փողոց 9, բնակարան 29։ Մեր այցելությամբ պարզվեց, որ սա հենց տնօրեն Վահե Հարությունյանի բնակարանն է։ Վահե Հարությունյանը նշեց, որ գործընթացը սկզբնական փուլում է, իսկ մնացած բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ կառավարության կայքում։
«Ջի էմ Դեվելոփերը», ըստ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության, 2016թ․ աշխատել է վնասով․ հայտարարագրել է 11.8 միլիոն դրամ հարկային վնաս։ Ընկերության հիմնադիր Մամիկոն Գինոսյանը, ըստ Հայաստանի պետական ռեգիստրի տվյալների, բնակվում է ԱՄՆ Քոլորադո նահանգում։
Նավթ ու գազից՝ մինչև ճագարաբուծություն
Մամիկոն Գինոսյանի անվանը կարելի է հանդիպել բրիտանական ընկերությունների բաժնետերերի ցանկում։ Մասնավորապես՝ Գինոսյանը 100 տոկոսանոց բաժնետեր է Լոնդոնում գրանցված Westoil UK Limited ընկերությունում։ Ընկերությունը հիմնվել է 2012թ․ հոկտեմբերի 30-ին։ Գինոսյանի ընկերությունը զբաղվում է նավթի արդյունահանմամբ ու վերամշակմամբ։
Մամիկոն Գինոսյանի՝ Մեծ Բրիտանիայում գրանցված մյուս ընկերությունը, որի բաժնեմասերը 100 տոկոսով նրան են պատկանում, Niko-Agro Limited-ն է։ Այս ընկերութունը գրանցված է ճիշտ նույն հասցեում, ինչ Westoil UK Limited-ը։ NIiko-Agro Limited-ը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ ու գյուղոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընկերությունը Բրիտանիայում գրանցվել է նույն օրը, ինչ Westoil UK Limited-ը։ Ըստ իրեն պատկանող Niko-Agro Limited-ի կայքի տեղեկատվության՝ Մամիկոն Գինոսյանը եղել է ռուսական խոշոր նավթագազային ընկերության՝ «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկության՝ «Իտերա»-ի ռազմավարական զարգացման վարչության պետը։ «Իտերան» մինչև 2003-ը Հայաստան ռուսական գազի մատակարարն էր։
Niko-Agro Limited-ը գործունեությունը ծավալում է Ռուսաստանում: Ընկերության կայքում նշվում է, որ 2011թ․ ընթացքի մեջ էր ու կառուցվում էր ճագարաբուծական խոշոր ֆերմա։ Այս ծրագրի ընդհանուր ներդրումը կազմել է 3 միլիոն դոլար։ Դրանում ներգրավված է Մամիկոն Գինոսյանի մեկ այլ ընկերություն՝ MSG Investments-ը, որը գրանցված է Լատվիայում ու զբաղվում է ներդրումային-ֆինանսական գործարքներով։
Niko-Agro Limited-ը համագործակցում է ռուսական մեկ այլ ընկերության՝ «Սոյուզմոլի» հետ ու վերջինիս պաշտոնական ներկայացուցիչն է Նիժնի Նովգորոդում։ «Սոյուզմոլի» 100 տոկոսանոց բաժնետերը Մամիկոն Գինոսյանի եղբայր Արտյոմ Գինոսյանն է։ «Սոյուզմոլը» արդյունաբերական հոլդինգ է, որը ներառում է մսի և կաթի արդյունաբերության ժամանակակից ձեռնարկություններ, կազմակերպում է խոշոր մատակարարումներ։
«Սոյուզմոլը» ժամանակի ընթացքում ընդլայնել է գործունեությունը, կաթնամթերքի տեսականին ու հայտնվել ղազախական շուկայում։
Ռուսաստանում Գինոսյան եղբայրների բիզնես գործունեությունը այսքանով չի սահմանափակվում։ Մամիկոն Գինոսյանը 35 տոկոսանոց բաժնետեր է «Միլլենիում-Սախալին» ՍՊԸ-ում, որը գրանցվել է 2009թ․։ Այս ընկերությունը զբաղվում է հում նավթի արդյունահանմամբ ու մշակմամբ, իսկ Սախալինը համարվում է նավթի խոշոր պաշարներ ունեցող տարածք։
Այս ամենից բացի՝ Մամիկոն Գինոսյանը ԱՄՆ Քոլորադո նահանգի իր տան հասցեում գրանցել է մեկ այլ ներդրումային ընկերություն՝ M G Investments LLC-ն։ Այն սկսել է իր գործունեությունը 2010-ից։ Ընկերության մասին նշվում է, որ ունեցել է 92․000 տարեկան եկամուտ, և ունի «մոտավորապես երկու աշխատող»։
Գինոսյանն ունի բաժնեմասեր հայաստանյան ընկերություններում
Մամիկոն Գինոսյանը բաժնեմաս ունի նաև հայաստանյան մի քանի ընկերություններում։ Դրանցից ամենահայտնին, թերևս, «Շիրակինվեստբանկն» է։ 2001թ․ բանկը դարձել է անվճարունակ և սնանկացել՝ բանկային համակարգում սկսված բարեփոխումների արդյունքում։
ՍիվիլՆեթի հետ զրույցում հարցին, թե ինչու սնանկացավ «Շիրակինվեստբանկը», Գինոսյանն ասաց, որ ինքը եղել է բանկի բազմաթիվ փոքր բաժնետերերից մեկը՝ 1 կամ 2 հազար դոլար բաժնեմասով և շատ կարճ ժամանակահատվածով․ «Հիշում եմ՝ բանկը լուծարվել է Հայաստանի օրենքների համաձայն»:
Գինոսյանը 1997-ին հիմնել էր մեկ այլ ընկերություն՝ «Շիրակինվեստկոնսալտը», որտեղ ունեցել է 25 տոկոս բաժնեմաս։ «Շիրակինվեստկոնսալտի» 25 տոկոսանոց բաժնետերերից էր նաև Անատոլի Տիրոսյանը, ով ներկայում «Ինեկոբանկի» աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։
Գինոսյանը 1997-ին հիմնել էր մեկ այլ ընկերություն՝ «Շիրակինվեստկոնսալտը», որտեղ ունեցել է 25 տոկոս բաժնեմաս։ «Շիրակինվեստկոնսալտի» 25 տոկոսանոց բաժնետերերից էր նաև Անատոլի Տիրոսյանը, ով ներկայում «Ինեկոբանկի» աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։
Մեզ հետ զրույցում Անատոլի Տիրոսյանը նշեց, որ «Շիրակինվեստկոնսալտ»-ը զբաղվել է խորհրդատվական գործունեությամբ Շիրակի մարզում ու խորհրդատվություն է տրամադրել գործարարներին։ «Գալիս էին հաճախորդներ, ովքեր ունեին բիզնես կամ պլանավորում էին սկսել, ու երբ հարց էր առաջանում ներկայացնել բիզնեսի թույլ ու ուժեղ կողմերը, շուկաները, մենք տալիս էինք գիտելիք, ձևակերպում։ Դա Շիրակի մարզում գործող առաջին նմանատիպ կազմակերպությունն էր, բայց կարծես չաշխատեց»,- պատմեց Տիրոսյանը։
Բացի «Շիրակինվեստկոնսալտից»՝ Գինոսյանը Գյումրիում հիմնել ու բաժնետեր է եղել երկու այլ ընկերություններում։ Դրանք են «Ստիլ» և «Նոր» ընկերությունները։ Երկուսն էլ ստեղծվել են 1994թ․, երկուսն էլ լուծարված են, և Հայաստանի հարկ վճարողների որոնման համակարգում հնարավոր չէ գտնել, թե ինչ տեսակի գործունեությամբ են զբաղվել։
ՍիվիլՆեթի հետ զրույցում Մամիկոն Գինոսյանն ասաց, որ Երևանի կենտրոնում կառուցապատման ծրագրում ներդրումն անում է պարզ՝ շահույթ ստանալու նպատակով։ Ըստ նրա՝ ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 50-100 աշխատատեղ։
Հարցին, թե արդյոք վտանգ չի՞ տեսնում Հայաստանում ներդրում անելու առումով, Գինոսյանը պատասխանեց․
«Ներդրումներ կատարելու մեջ վտանգ չկա։ Կան ռիսկեր, և Հայաստանում ներդրումների ռիսկերը նույնական են տարածաշրջանի երկրների համար և զարգացման նման մակարդակ ունեցող երկրների համար։ Քաղաքական համակարգի կայունությունը Հայաստանը բավականին գրավիչ է դարձնում»:
Գինոսյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել իր ընկերությունների կապիտալի ու շրջանառության մասին։
Մկրտիչ Կարապետյան