Սուլթանի երկար ձեռքը․ ինչպես է Էրդողանը օգտագործում թուրքական սփյուռքին

The Economist հանդեսը հոդված է հրապարակել Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում բնակվող թուրք ներգաղթյալների գործոնի մասին։ Հոդվածում ներկայացվում է, թե ինչպես է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում իր արտաքին քաղաքականության մեջ խաղացնել թուրք ներգաղթյալների քարտը։

Եվրոպայի հարաբերությունները Թուրքիայի հետ վաղուց արդեն հայտնի են փոխադարձ գրավչությամբ, փոխադարձ կախվածությամբ և փոխադարձ անվստահությամբ: 1898թ. Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը, տպավորված Կոստանդնուպոլիս կատարած այցից, իր բարեկամ Նիկոլայ II ցարին գրում է. «Եթե ես այնտեղ գնայի՝ առանց որևէ կրոն ունենալու, անպայման կդառնայի մուսուլման»: Բայց եթե այսօրվա եվրոպացիները փախստականներին հեռու պահելու և ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվություն կիսելու հարցում ապավինում են այս տարօրինակ գործընկերոջը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի անցումը ավտորիտար կառավարման այդ երկիրը դարձնում է նվազ վստահելի գործընկեր: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան «մեծ քայլերով» հեռանում է Եվրոպայից:

Թուրքիայի ու Եվրոպային հարաբերությունները բարդացնում են նաև նրանց տնտեսական և ռազմական կապերը, ինչպես նաև Եվրոպայում բնակվող մեծաքանակ թուրքերն ու նրանց սերունդները: Թուրքական սփյուռքը հասնում է 6 միլիոնի, որոնց մեծ մասը բնակվում է Արևմտյան Եվրոպայում: Տարիներ շարունակ Էրդողանը Քյոլնի նման քաղաքներում հանդես է եկել բազմաթիվ ելույթներով՝ եվրոպական թուրքերին կոչ անելով իրենց նոր տանն ապրել նախկին ձևով, հրաժարվել ձուլման փորձերից՝ ակնարկելով, որ իր օգնությամբ Թուրքիայի ձեռք բերած հաղթանակները նաև իրենցն են: Էրդողանը առաջին թուրք առաջնորդն է, որը սփյուռքին լրջորեն է վերաբերվում, և դրա արդյունքներն ակնհայտ են: Ապրիլի հանրաքվեի ընթացքում Էրդողանի նախագահական լիազորությունները երկարաձգելու հակասական առաջարկներին աջակցեց թուրքական սփյուռքի 59 տոկոսը ՝ ի տարբերություն Թուրքիայում կողմ քվեարկած 51,4 տոկոսի։ Ստամբուլցի վերլուծաբան Սինան Ույգենի կարծիքով՝ Էրդողանը սփյուռքի հետ կապված երեք նպատակ ունի․ արտերկրում առաջ մղել Թուրքիայի շահերը, գրավել ազգայնականներին հայրենիքում և քվեներ հավաքել խորը բևեռացված երկրում:

Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ վաղուց են բարկացած իրենց քաղաքներում Էրդողանի քարոզարշավով։ Սակայն նրանց թիվը աճեց, երբ սկսեցին փլուզվել եվրոպական կառավարությունների, հատկապես Գերմանիայի հետ հարաբերությունները՝ մինչ Էրդողանը տարված էր անցյալ տարվա ձախողված հեղաշրջումից հետո Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին գտնելու մոլուցքով: Հուլիսին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր մարդու իրավունքների վեց ակտիվիստի, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացու։ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը զայրացած Թուրքիայի քաղաքացիների ճամփորդությունները սահմանափակելու նախազգուշացում արեց և սպառնաց կրճատել Թուրքիայում ներդրումներ կատարող ընկերությունների վարկային երաշխիքները: Էրդողանը ևս սրեց իր հռետորաբանությունը: Մինչև հանրաքվեն՝ նա Նիդեռլանդների և Գերմանիայի կառավարություններին մեղադրել էր «նացիստական» մարտավարության մեջ, երբ նրանք արգելել էին իր նախարարներին քարոզարշավ իրականացնել այդ երկրների քաղաքներում: Նա կոչ է արել եվրոպական թուրքերին առնվազն հինգ երեխա ունենալ՝ Եվրամիության «վուլգարիզմին» հակազդելու նպատակով։

Գերմանա-թուրքական հարաբերությունների ժամանակակից դարաշրջանը սկսվել է 1961թ․ ստորագրված՝ հյուր-աշխատողների մասին պայմանագրով՝ ի թիվս մի քանիսի, որոնք կնքվել էին Թուքրիայի հետ, երբ Բեռլինի պատի կառուցումից հետո Արևմտյան Գերմանիան զրկվել էր արևելագերմանական էժան աշխատուժից։ Թուրք աշխատողները մտադիր էին հեռանալ երկու տարի անց, սակայն ռոտացիայի դրույթը հանվեց գործատուների խնդրանքով, որոնց դուր էին եկել աշխատասեր ներգաղթյալները։ Տասնամյակներ շարունակ Արևմտյան Գերմանիայի կառավարությունները պահպանեցին այն գաղափարը, որ աշխատողները մի օր տուն կգնան, նույնիսկ եթե նրանք Գերմանիա էին բերում իրենց ընտանիքներն ու երեխաներին ուղարկում տեղական դպրոցներ:

2000 թ. օրենսդրական փոփոխությունները թուրքերի համար շատ հեշտացրին Գերմանիայի քաղաքացիություն ստանալը: Սակայն խտրականությունը շարունակվում է: «Կարող եմ հասկանալ Էրդողանին աջակցող մարդկանց,- ասում է Քյոլնում բնակվող գերմանացի թուրք Քեմալ Դիկեկը, որը անվստահություն է հայտնում Էրդողանին,- նրանք կարծում են` ես մենակ չեմ»։

Եվրոպայում բազմաթիվ թուրքեր քիչ հետաքրքրություն են ցուցաբերում հայրենիքի նկատմամբ: Գերմանիայում մասնակցությունը Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին կազմել է ընդամենը 49 տոկոս, իսկ 800 հազարը, որոնք միայն Գերմանիայի քաղաքացիներ էին, իրավունք չունեին քվեարկել: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչներին անհանգստացնում է Էրդողանի՝ ձայներ ստանալու հարցում ունեցած հաջողությունը։ «Աղետալի է, որ ազատ ժողովրդավարական երկրում մեծացած մարդիկ քվեարկել են Էրդողանի սահմանադրական փոփոխությունների օգտին»,- ասում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ինտեգրման հարցերով պետքարտուղար Սերափ Գյուլերը. այդ շրջանը բնակչության թվով ամենամեծն է Գերմանիայում, այստեղ բնակվում է Գերմանիայի թուրքական սփյուռքի մեկ երրորդը։

Գերմանական մտահոգություններն ավելի են խորանում «զուգահեռ հասարակությունների» վերաբերյալ երկարատև անհանգստություններով: Այս արտահայտությունը տեղին է Քյոլնում գտնվող Մյուլհայմ թաղամասում, որտեղ հեռուստացույցերն անընդմեջ ցուցադրում են թուրքական լուրեր, իսկ սրճարաններում լի են Ստամբուլից ու Անկարայից թարմ բամբասանքներով: Սակայն փաստերն ավելի բարդ պատմություն են պատմում: Երկրորդ և երրորդ սերնդի գերմանացի թուրքերի երեք-քառորդը կանոնավոր շփվում է գերմանացիների հետ՝ համեմատած առաջին սերնդի կեսից պակասի հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գերմանացի թուրքերը ավելի քիչ են հետևում պահպանողական գաղափարներին, ինչպիսիք են կանանց՝ տանը մնալը։ Ոմանք կերտում են ինքնություն՝ հավանաբար հիմնված այն համոզմունքների վրա, որ կապում են Թուրքիայի հետ, չնայած որ նրանց վարքագիծն այլ բան է վկայում: Նրանք իրենց նախնիներից ավելի քիչ են մզկիթ հաճախում, բայց ավելի հավանական է, որ հարցի դեպքում կասեն՝ հավատացյալ են:

Սոցիոլոգ Դետլեֆ Պոլակը, որն ուսումնասիրում է Գերմանիայի թուրք բնակչությունը, Էրդողանին աջակցելը մեկնաբանում է ոչ թե որպես ժողովրդավարության մերժում, այլ որպես բացահայտ անհնազանդության, ինքնության և թերևս դժգոհության արտահայտություն: «[Ընտրությունների] ուղերձը հետևյալն է՝ խնդրում ենք մեզ լուրջ ընդունել։ Մենք դեմոկրատներ ենք, բայց ոչ ձեր պայմաններով»,- ասում է նա:

Սակայն խնդիրները բազմաթիվ են: Ռայներ Քլինգհոլցը՝ Բեռլինի Բնակչության և զարգացման ինստիտուտի հետազոտական կազմակերպությունից, թվարկում է դրանցից մի քանիսը։ Օրինակ, Գերմանիայում ներգաղթողների խմբերի շրջանում թուրքերն ունեն դպրոց չհաճախելուամենաբարձր ցուցանիշը, համալսարանական հաճախումների ամենացածր մակարդակը և կանանց՝ տանը մնալու ամենաբարձր՝ 50 տոկոս ցուցանիշը։ Այդ թվերը նվազում են, հատկապես՝ աղջիկների համար, բայց շատ դանդաղ:

Եվրոպական երկրները վախենում են ոչ միայն, որ իրենց թուրք բնակիչները աջակցում են Էրդողանին, այլև որ կարող են ներմուծվել Թուրքիայի պաթոլոգիաները: Սկսած 2016 թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից՝ գյուլենականներին համակրելու կասկածանքով թուրք-գերմանական բիզնեսները ենթարկվել են բոյկոտի, նրանց սեփականատերերը՝ ենթարկվել հետապնդումների։ Գերմանիայում թուրքերը ցածրացնում են իրենց ձայնը, երբ նրանց հարց են ուղղում քաղաքականության մասին, իսկ քաղաքագետները դժվարությամբ են թուրք կամավոր գտնում հարցազրույցի համար։ «Մարդիկ գնալով չեն կարողանում նայել միմյանց աչքերի մեջ»,- ասում է Քյոլնից քուրդ ակտիվիստ Ջահիտ Բաշարը:

DITIB-ը ՝ թուրքական պետության կրոնական թևի՝ Դիանեթի գերմանական մասնաճյուղը, հեռու չէ այս հակասություններից։ Այն կառուցել է Գերմանիայի խոշորագույն մզկիթը Քյոլնում։ Դա տհաճությամբ է ընդունվել տեղացիների կողմից, որոնք դեմ էին իսլամի տեսանելի ներխուժմանը ավանդական կաթոլիկ այս քաղաքում: «Ես չեմ կարող մտածել Գերմանիայի մասին՝ որպես տան»,- ասում է Ռեջեփը, միջին տարիքի մեխանիկ, որը Քյոլն է եկել դեռ երեխա տարիքում, մինչ գլխաշորերով ծածկված դեռահասները ուրախությամբ սելֆի են անում մզկիթի խոյացող մինարեթների առաջ:

DITIB-ի ջանքերը Քյոլնում տպավորիչ են, սակայն այն խոչընդոտների առաջ է կանգնում: Գերմանացիների 60 տոկոսը կարծում է, որ իսլամը տեղ չունի իրենց երկրում: Հակամահմեդական Պեգիդա խումբը 2015թ․ հազարավոր մարդկանց էր հավաքում իր հանրահավաքներին, որոնք աստիճանաբար մարեցին։ Կառավարությունների միջև վեճերը նույնպես ազդում են ամենօրյա փոխազդեցությունների վրա: Բազմաթիվ գերմանացի թուրքեր ասում են, որ պարտավորված են զգում ընդդիմություն ցուցաբերել Էրդողանին` վաստակելու իրենց հայրենակիցների վստահությունը։ Անցյալ տարի Անգելա Մերկելը կոչ արեց նրանց «Գերմանիային հավատարմության բարձր աստիճանի հասնել»:

Զիգմար Գաբրիելը վերջերս հրապարակեց բաց նամակ` հավաստիացնելով, որ Գերմանիայի 3 միլիոն թուրքերը տեղ ունեն այդ երկրում։ Բայց շատերի համար ուշ էր։ Էրդողանի կողմնակիցները Գերմանիայում ավելի շատ հետաքրքրված են նրա հաջողություններով, քան Թուրքիայի հասցեին անսպառ հնչող լուտանքներով, որը լսում են տանը: «Եվրոպան ցանկանում է Թուրքիային փոքր պահել,- ասում է Էրդողանի երկրպագու Արի Իհսանը:- Ինչո՞ւ չպետք է ապրենք եվրոպացիների նման»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել