Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում  

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» (The Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) հարթակը, որը ներառում է 40 շահույթ չհետապնդող հետաքննող կազմակերպությունների, հոդված է հրապարակել Ադրբեջանի իշխող՝ Ալիևների կլանի կողմից 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների մասին։ Հոդվածին տրվել է ծաղրական՝ Ադրբեջանական լվացքատուն (The Azerbaijani Laundromat) վերնագիրը։

OCCRP-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի իշխող վերնախավը երկու տարվա ընթացքում գաղտնի ֆոնդից 2,8 մլրդ դոլար է ծախսել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և շքեղ գնումներ կատարելու համար:

Ենթադրվում է, որ գումարը ուղղորդվել է Մեծ Բրիտանիայի չորս ոչ-թափանցիկ ընկերությունների միջոցով: Վճարվել են եվրոպացի քաղաքական գործիչներ, ովքեր բարյացակամ վերաբերմունք են դրսևորել Ադրբեջանի կառավարության նկատմամբ:

Հետաքննությունը նշում է, որ պարտադիր չէ, որ բոլոր ստացողները տեղյակ լինեին գումարի սկզբնաղբյուրի մասին։

Գաղտնի ֆոնդը գործել է երկու տարի՝ ընդհուպ մինչև 2014 թվականը։

Զեկույցում նշվում է, որ փողի ծագումը անհայտ էր, սակայն «բավականին ապացույցներ կան նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապի»: Ալիևից կամ Ադրբեջանի կառավարությունից անհապաղ արձագանք չի եղել:

Այն ժամանակ, երբ սխեման գործում էր, նավթով հարուստ Ադրբեջանը մեղադրվում էր համակարգային կոռուպցիայի, ընտրակեղծիքների և խոշտանգումների, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների, իրավապաշտպանների և լրագրողների բանտարկության համար:

Գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին և գործարարներին։

OCCRP-ի համաձայն՝ ծրագիրը, կարծես, հաջողված է եղել, օրինակ, 2013 թ. համոզել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին`քվեարկելու Ադրբեջանին քննադատող զեկույցի դեմ:

47 անդամ ունեցող Եվրոպայի խորհուրդը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ համապատասխանությունը, իսկ Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորները կիրառում են այն:

Եվրոպայի խորհրդում քվեարկությունը ներկայում հետաքննվում է, և ակնկալվում է հաշվետվությունը ստանալ մինչև տարեվերջ:

Սխեմայով օգտագործված չորս ոչ թափանցիկ ընկերությունները, երկուսը՝ Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում, լուծարվել են։

Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Դանիայի Դանսկե Բանկը, այդ ընկերություններին վճարումները կատարել է Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով: Այն ընդունել է, որ բավարար միջոցներ չի ձեռնարկել՝ նկատելու կասկածելի գործարքները:

Հետաքննության սկանդալի կենտրոնում է հայտնվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Մատրիևը։ Նա , 2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջանից ստացել է 425 հազար եվրո: Բոկովան մասնակցել էր «Ադրբեջան. հանդուրժողականության տարածք» լուսանկարչական ցուցահանդեսին և Մեհրիբան Ալիևային անձամբ հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգեւը` Մոցարտի ոսկե մեդալը։

Մեկնաբանել